Սերգեյ Գալիցկի․ Հպարտ եմ իմ հայկական արմատներով

14 Օգոստոսի 2024, 22:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 14-ին հայտնի ռուս գործարար, հասարակական գործիչ Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1967 թվականին Սոչիում։ Նրա հայրը Նիկոլայ Գևորգի Հարությունյանն է։ Ինքը՝ Սերգեյը, մեկ անգամ չէ, որ շեշտել է՝ ռուսական ու հայկական արյուն ունի, ինչով, անշուշտ, հպարտանում է։
Մասնավորապես, տարիներ առաջ նա հարցազրույցներից մեկում ասել է․ «75 տոկոսով ես ռուս եմ, 25 տոկոսով՝ հայ: Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում, այդ պատճառով էլ, ցավոք, չեմ տիրապետում հայերենին։ Այդուհանդերձ, հպարտ եմ իմ հայկական արմատներով»։

1998 թվականին Սերգեյ Գալիցկին Կրասնոդարում բացել է «Cash&Carry» խանութը։ 2000 թվականին, փոխելով խանութների ձևաչափը, ցանցը վերանվանել է «Մագնիտ»:

2001 թվականին «Մագնիտ»-ն իր 50 խանութներով դարձել է Ռուսաստանի խոշորագույն մանրածախ ցանցը, որի եկամուտը կազմել է 1,6 միլիարդ դոլար:

2016 թվականին Սերգեյ Նիկոլաևիչը վերակառուցել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը, իսկ հաջորդ տարի մարզադաշտի հարևանությամբ բացվել է հանգստի այգի, որը կառուցվել է Սերգեյ Գալիցկու միջոցներով։ Մարզադաշտը համարվում է Ռուսաստանի ամենաժամանակակից և հարմարավետ հասարակական վայրերից մեկը:

Գործարարը շատ բան է արել Կրասնոդարի և Կրասնոդարի երկրամասի համար: Գալիցկին սիրում է Կուբանը, նրան նույնիսկ մշտական բնակության համար չի ձգում Մոսկվան, քանի որ որպես հարավցի՝ սիրում է արևը, որը շատ է պակասում Մոսկվայում։