Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Սերգեյ Մելքոնյան | 2024. ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

01 Փետրվարի 2024, 22:00

«Ադրբեջանին պետք է ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը և այն կարող է ունենալ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, ինչն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տոտալ վերահսկողություն կլինի Հայաստանի վրա»:

Ի՞նչ զարգացումներ կլինեն 2024-ին Արցախի շուրջ, հնարավո՞ր է արդյոք հայերի վերադարձն իրենց ծննդավայր, ո՞ր ուղղությամբ է գնում Հայաստանը, կկնքվի՞ արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ի՞նչ փոփոխություններ կլինեն աշխարհում և ինչպիսի՞ն է լինելու նոր աշխարհակարգը:

Այս և այլ հարցերի մասին Alpha News-ը «2024. ի՞նչ է լինելու» հաղորդաշարի շրջանակում զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ:

Մելքոնյանի կարծիքով, 2024-ին արցախցիների՝ իրենց ծննդավայր վերադառնալու հնարավորություն չկա, քանի դեռ Արցախը հայերի վերահսկողության տակ չէ:

«Ես որևէ պայման չեմ տեսնում, որի հիման վրա արցախցիները կարող են վերադառնալ իրենց հայրենիք: Եթե նրանք չեն ունենալու անվտանգության մարմիններ՝ զինված ուժեր, ոստիկանություն և առհասարակ, Կառավարություն, ապա որևէ անվտանգության երաշխիք չեն ունենա Ադրբեջանի վերահսկողության տակ ապրելով: Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությունը բավական չէր, որ ժողովուրդն այդ երաշխիքները ստանա: Արցախցիների՝ Արցախ վերադառնալու գլխավոր պայմանը Արցախի Հանրապետության՝ հայերի վերահսկողության տակ լինելն է»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը:

Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, դա չէ Բաքվի նպատակը, ըստ Մելքոնյանի: Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը՝ «Զանգեզուրի միջանցք» ստանալն է:

«Ադրբեջանին որևէ փաստաթուղթ պետք չէ, միայն միջանկյալ պայմանագիր կարող է լինել՝ առանց որևէ լուրջ բովանդակության: Բաքուն կարող է ստորագրել պայմանագիր, որտեղ կնշվի միջազգային իրավունքի սկզբունքների մասին, բայց չի նշվի, թե ինչ քարտեզի հիման վրա է տեղի ունենալու դելիմիտացիայի ու դեմարկացիայի պրոցեսը, ինչպիսի կոմունիկացիաներ կապաշրջափակվեն: Ադրբեջանին պետք է ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը և այն կարող է ունենալ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, ինչն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տոտալ վերահսկողություն կլինի Հայաստանի վրա»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը:

Նոր աշխարհակարգի ձևավորումն ըստ փորձագետի՝ չի ավարտվելու ընթացիկ տարում:

«Նոր աշխարհակարգի ձևավորման այս փուլում փոքր պետությունները փորձում են գոյատևել, այլ փոքր պետությունները փորձում են դառնալ միջին պետություններ, ինչն անում է Ադրբեջանը՝ մարտահրավեր նետելով օրինակ՝ Ֆրանսիային, իսկ տերությունները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը նոր աշխարհակարգում, որը կլինի բազմակենտրոն, որտեղ բոլորը փորձում են ստեղծել իրենց ազդեցության գոտիները»,- հավելեց Մելքոնյանը: