Սերգեյ Մելքոնյան․ Թատրոնի լեգենդն ու «Առլեքին»-ի հիմնադիրը
17 Ապրիլի 2025, 23:45

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ապրիլի 17-ը դերասան, «Առլեքին» միջազգային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Մելքոնյանի ծննդյան օրն է:
Սերգեյ Մելքոնյանը ծնվել է 1947 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայի դերասանական բաժնում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի ղեկավարությամբ: Ավելի ուշ ավարտել է ուսումը Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։
Սերգեյ Մելքոնյանը 1970-ականների սկզբին, որպես Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի ռեժիուրայի ֆակուլտետի ուսանող, հիմնել է «Ավանգարդ» թատրոն-ստուդիան, որը դարձել է Մոսկվայում 70-ականների ստուդիական շարժման առաջատարներից մեկը։
1979 թվականի օգոստոսին Ռոսկոնցերտին կից պաշտոնապես բացվել է նոր պրոֆեսիոնալ թատերական խումբ՝ «Առլեքին» երաժշտական-դրամատիկական թատրոն-անսամբլը՝ Ս.Մելքոնյանի ղեկավարությամբ: Հետագայում նա դարձել է միջազգային թատերական հիմնադրամի հիմնադիրը և բացել առաջին մանկական թատերական լիցեյը Ռուսաստանում։
«Առլեքին» թատրոնը մասնաճյուղեր է հիմնել ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Կալիֆորնիայում և Լոս Անջելեսում: Բացի այդ, բացել է Հոլիվուդի բարձրագույն թատերական դպրոցի մասնաճյուղը։ «Առլեքին» թատրոնը բազմաթիվ հաջողված հյուրախաղեր է կազմակերպել և հայտնի դարձել իր միջազգային նախագծերով, որոնցից մեկը «Ռուսական Հոլիվուդ»-ն էր:
Սերգեյ Մելքոնյանը նաև դերասանական յուրահատուկ մեթոդի հեղինակ է, արվեստագիտության դոկտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի թատերական գործիչների միության անդամ, Դանիայի մշակույթի ինստիտուտի պատվավոր անդամ, Ավստրիայի թատերական քոլեջի խորհրդի անդամ, Շվեդական Արվեստի ինստիտուտի անդամ, «Փառք և պատիվ» շքանշանի և ՄԱԿ-ի «Միասնություն» շքանշանի ասպետ: Սերգեյ Անդրեյի Մելքոնյանը եղել է ամերիկյան «International Arlekin Theatre» թատերական կորպորացիայի նախագահը և SMDA թատերական ակադեմիայի ռեկտորը:
Սերգեյ Մելքոնյանը կրթել է բազմաթիվ տաղանդավոր թատերական գործիչների և արտիստների, այդ թվում՝ Ռուսաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստների: Նրա աշակերտները հաջողությամբ աշխատում են ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում:
Սերգեյ Մելքոնյանը կյանքից հեռացել է 2018 թվականի օգոստոսի 31-ին Լոս Անջելեսում։