Արմենակ Խանփերյանց․ Ավիացիայի լեգենդար մարշալը
25 Ապրիլի 2025, 22:30

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակովը) ավիացիայի լեգենդար մարշալ է, Խորհրդային ռազմաօդային ուժերի հիմնադիրներից մեկը։
Արմենակ Խանփերյանցը ծնվել է 1902 թվականի հունվարի 7-ին Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում՝ Արտեմ և Գյուլախանում Խանփերյանցների ընտանիքում։ Հայրը շուտ է մահացել։ Երիտասարդ տարիներին Արմենակը մեկնել է Բաքու, որտեղ սկսել է աշխատել նավթահանքերում։
1918 թվականին զինվորագրվել է Կարմիր բանակին։ Բաքվից տարհանման ժամանակ նրան փրկել է իր մարտական ընկերը՝ հետախուզության հերոս Սերգեյ Խուդյակովը։ Այս պահը դարձել է ճակատագրական. մարտում հրամանատար ընկերոջ զոհվելուց հետո ընդունել է նրա անուն-ազգանունը՝ Սերգեյ Խուդյակով։
Խուդյակովը ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմին՝ ցուցաբերելով քաջություն Ցարիցինի համար մղված մարտերում։ Նա նաև հրամանատարն է եղել Անդրկովկասյան ռազմաճակատում։
Ավելի ուշ, Արմենակը դառնում է հեծելազորային ջոկատի հրամանատար։ 1924 թվականին սովորում է Թիֆլիսի հեծելազորային հրամանատարական դասընթացներում։ Ավարտելուց հետո վերադառնում է հեծելազորային զորամաս, որտեղ ստանձնում է գնդային դպրոցի պետի պաշտոնակատարի, պետի, այնուհետև գնդի շտաբի պետի պաշտոնները։
Որոշ ժամանակ անց Արմենակին ուղարկում են սովորելու Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա, որն ավարտելուց հետո 1936 թ. նշանակվում է Բելոռուսական հատուկ զինվորական օկրուգում՝ որպես 5-րդ ծանր ռմբակոծիչ բրիգադի շտաբի օպերատիվ բաժնի պետ: Մեկ տարի անց նա գլխավորեց օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբի բաժիններից մեկը: Իսկ այնուհետև Խուդյակովն արդեն գնդապետի կոչումով Բելոռուսական հատուկ զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի թիկունքի պետն էր:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խուդյակովը դարձել է Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի փոխհրամանատար։ Նա համակարգել է ռազմաօդային ուժերի գործողությունները Դնեպրի ճակատամարտում։
1945 թվականի փետրվարին Սերգեյ Խուդյակովը մասնակցել է Յալթայի կոնֆերանսին՝ ցուցաբերելով ակնառու գիտելիքներ և ռազմավարական մտածողություն, ինչն ամրապնդել է նրա հեղինակությունը։ Շուտով նա նշանակվել է 12-րդ օդային բանակի հրամանատար՝ կարևոր դեր խաղալով Կայսերական Ճապոնիայի դեմ պայքարում։
2005 թվականից ի վեր Հայաստանի ռազմական ավիացիայի համալսարանը կրում է մարշալ Արմենակ Խանփերյանցի անունը, իսկ նրա պատվին է անվանակոչվել նաև Երևանի Ավան թաղամասի գլխավոր փողոցներից մեկը։ ԽՍՀՄ-ում թողարկվել է փոստային ծրար, իսկ Հայաստանում և Արցախում՝ Խանփերյանցին նվիրված նամականիշներ։
Մեծ Թաղեր գյուղի հրապարակում կանգնեցվել է Արմենակ Խանփերյանցի արձանը, հիմնվել է ավիացիայի մարշալի տուն-թանգարանը:
Արմենակ Խանփերյանցը մահացել է 1950 թվականի ապրիլի 18-ին Մոսկվայում։