Սերգո Համբարձումյան․ ծանրամարտի հպարտությունը
30 Դեկտեմբերի 2024, 23:00
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Սերգո Համբարձումյանը ՀԽՍՀ սպորտի վաստակավոր վարպետ է, ԽՍՀՄ երեսնակի ռեկորդակիր և աշխարհի ռեկորդակիր։
Սերգո Համբարձումյանը ծնվել է 1910 թվականին Ռուսական կայսրության Երևան նահանգի Բիստ գյուղում։ Երբ նա 7 տարեկան էր, Համբարձումյանների ընտանիքը, փախչելով կոտորածից, հասել է Հյուսիսային Կովկաս և բնակություն հաստատել Կիսլովոդսկ քաղաքում։ Ընտանիքին օգնելու համար Սերգոն աշխատել է որպես կոշկակար, որմնադիր, ավտոմեխանիկ, վերանորոգող Բաքու-Ջուլֆա երկաթուղում, աշխատանքի է անցել Դոնբասի Նեսվետաևսկի հանքերում։
Ավելի ուշ նա ժամանել է Երևան և աշխատանքի է անցել ՆԳԺԿ-ի ավտոտնակում, որտեղ անմիջապես նկատել են նրա բացառիկ ֆիզիկական ուժը և ուղարկել «Դինամո» միություն։ Ընդամենը երեք տարի անց Համբարձումյանը դարձել է խորհրդային առաջատար ծանրորդներից մեկը, 1933 — 1935 թվականներին երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, դասական եռամարտի վարժություններում սահմանել ԽՍՀՄ 21 ռեկորդ։
1936 թվականին ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը խնդիր է դրել խորհրդային մարզիկների առաջ գերազանցել գերմանացի մարզիկ Մանգերի արդյունքը, ով Մյունխենի օլիմպիական խաղերի հաղթող էր և ճանաչվել էր մոլորակի ամենաուժեղ մարդը։ Առաջադրանքի կատարումը վստահվել է Սերգո Համբարձումյանին, ում հետ աշխատանքին միացել է անվանի ծանրորդ և մարզիչ Յան Սպարեն։ 1938 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում Համբարձումյանը ցույց է տվել պատմության լավագույն արդյունքներից մեկը՝ 433,5 կգ (136+130+167,5)։ Նրան հրավիրել են Կրեմլ, որտեղ Իոսիֆ Ստալինն անձամբ է հանձնել «Պատվո նշան» շքանշանը։
Համբարձումանը դարձել է այս մրցանակը ստացած առաջին մարզիկը։ Այս իրադարձության պատվին Երևանում բեմադրվել է ներկայացում, որտեղ Սերգո Համբարձումյանը կատարել է Հայաստանի ազգային հերոս Սասունցի Դավիթի դերը։
Երևանում՝ ի պատիվ մարզիկի Աղայան փողոցում տեղադրվել է հուշատախտակ, իսկ 2000 և 2020 թվականներին թողարկվել են մարզիկին նվիրված նամականիշեր։
Սերգո Համբարձումյանը մահացել է 1983 թվականի ապրիլի 23-ին։