Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» կատակերգական ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ում
02 Հունիսի 2023, 13:50
Ռեժիսոր Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» (Օթը, Թոթը, Թվանքի կոթը) կատակերգական ֆիլմը կցուցադրվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի «Մանուկյան» արվեստի կենտրոնում (AGBU Manoukian Performance Art Center)։ Պրեմիերային ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները։
«Անչափ ուրախ եմ, որ վերջապես մեր ֆիլմը հասնում է ամերիկաբնակ հայ հանրությանը: Մեզ համար չափազանց կարևոր են ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունները, որոնց արդյունքը ուղիղ անդրադառնում է Հայաստանում նոր ֆիլմերի արտադրության վրա:
Կինոնկարը բացառիկ է իր տեսակով, ոճով և սցենարով և ոչ միայն որպես հայկական ֆիլմ: Այն արդեն հասցրել է հավաքել համակրողների մի մեծ բանակ:
Ամենաշատն ինձ ուրախացնում է հայ երիտասարդների շնորհակալ արձագանքը, որ հայկական կինոարտադրությունում հնարավոր է աշխարհում մրցունակ ոճի և որակի ֆիլմ ստանալ, այն էլ չունենալով մեծ ներդրողներ», — նշում է Սերժ Գաբյանը։
Կինոնկարը 2023-ի ապրիլին ներկայացվեց հայաստանյան հանդիսատեսին։ Ֆիլմի հերոս սփյուռքահայ գործարարին շանտաժի է ենթարկում նախկին գործընկերը։ Խնդիրը լուծելու համար բիզնեսմենը հրավիրում է մասնագետների ամբողջ աշխարհից:
Միմյանց չհասկանալու և ոստիկանության հետ զուգահեռ ծավալվող ինտրիգների արդյունքում ստեղծվում է անկառավարելի մեծ խառնաշփոթ:
«ՕԹԹԿ»-ում նկարահանվել են դերասաններ Արսեն Գրիգորյանը, Ժիրայր Բաբազյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հակոբյանը և Արման Ղազարյանը: Կինոնկարում իր առաջին դերն է խաղացել ռեփեր Նարեկ A. Chilla-ն:
Ֆիլմի համար օրիգինալ երաժշտությունը գրել է Սերժ Գաբյանը: Օգտագործվել են հանրահայտ երաժշտական գործեր` անակնկալ կատարումներով: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2021 օգոստոսից մինչև 2022-ի մայիս Երևանում: Այն նախաձեռնող և իրականացնող «Հուլիգան ստուդիոս» կինոարտադրական կազմակերպության առաջին կինոնախագիծն է: