Շահան Նաթալի․ «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը

24 Ապրիլի 2025, 23:40

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան) հայ ականավոր փիլիսոփա, գրող, հասարակական-քաղաքական գործիչ է և «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը։

Հակոբ Տեր-Հակոբյանը ծնվել է Օսմանյան Թուրքիայի Խարբերդի վիլայեթի Հյուսեյնիկ գյուղում։ 1894-1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ նա կորցրել է հորը, հորեղբորը և բազմաթիվ ազգականների, որոնք սպանվել են, իսկ Հակոբի կյանքը փրկել են նրա հույն հարևանները։ Սովորել է Խարբերդի Եփրատ քոլեջում, ապա ուսումը շարունակել է Կ. Պոլսի վարժարանում, իսկ 1909-1912 թվականներին՝ Բոստոնի համալսարանում։

Շահան Նաթալին Գրիգոր Մերջանովի հետ հանդիսացել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը: Նա հանդես էր գալիս Ցեղասպանության ճանաչման նպատակով Թուրքիայի վրա ազդելու արմատական մեթոդների օգտին և պաշտպանում էր հայերի՝ Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը։

1920-ական թթ. վերջին լքել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ)՝ տարաձայնությունների և իր գաղափարներին չաջակցելու պատճառով: Շահան Նաթալին իր հետևից թողել է բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ «Թուրքերը և մենք», «Պանթյուրքիզմը Անկարայից մինչև Բաքու», «Ալեքսանդրապոլի դաշնագրի «ինչպե՞ս»-ն ու «ինչո՞ւ»-ն» երկերը, ինչպես նաև պոեմներ և թարգմանություններ:

Նա եղել է «Մարտկոց» և «Ամրոց» հայկական թերթերի խմբագիրը, իսկ ԱՄՆ տեղափոխվելուց հետո ակտիվ հասարակական և քաղաքական գործունեություն է ծավալել հայ համայնքում:

Շահան Նաթալին կյանքից հեռացել է 1983 թվականին Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում։