Շահան Նաթալիի «Անծանոթի հուշերը». իրական պատմություն սերունդների համար
18 Մարտի 2025, 23:00
Գլենդելի կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել Շահան Նաթալիի՝ «Անծանոթի հուշերը» գրքի շնորհանդեսը։ Այն պատմում է, թե ինչպես են պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշային:
Շնորհանդեսի օրը՝ մարտի 15-ը հատուկ էր ընտրված. 104 տարի այդ նույն օրը Սողոմոն Թեհլերյանն իրականացրել է Թալեաթ փաշային մահապատժի ենթարկելու որոշումը։
Շնորհանդեսի ժամանակ պատմաբան Հարութ Տեր Դավիթյանը պատմել է, որ երբ Նաթալիի թոռը՝ Արան զանգել է իրեն և առաջարկել շնորհանդեսի մոդերատորը լինել, մերժել է՝ ասելով, որ գիքը դեռ չի կարդացել:
«Ես ասացի՝ ոչ, ես չունեմ գրքի օրինակը, այնպես որ գոնե, կցանկանայի ունենալ այն: Հինգշաբթի կեսօրին նա ինձ էլեկտրոնային եղանակով ուղարկեց գիրքը: Ես մինչև կեսգիշերն անց նստել և չէի կարողանում գիրքը վայր դնել, քանի որ այնտեղ շատ հետաքրքիր բաներ կային»,- ասել է Հարութ Տեր Դավիթյանը:
«Անծանոթի հուշերը» գիրքն իրական պատմություն է այն մասին, թե ինչպես են սպանել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ գլխավոր ոճրագործ Թալեաթ փաշային: Այս պատմության «անծանոթը» և հեղինակը Շահան Նաթալին է (1884-1983)՝ ՆԵՄԵՍԻՍ գործողության իրականացման կազմակերպիչ-համակարգողը:
«Հորս սերը մշակույթի, արվեստի, գեղեցկության, բարության, ճշմարտության և արդարության հանդեպ դրված էր նրա էության մեջ։ 1901 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ երեք տարի դասավանդել է տեղի դպրոցում ՝ միաժամանակ ուսումնասիրելով գավառական բարբառը։ Այս ուսումնասիրությունը նրան առանձնահատուկ հաջողություն է բերել Պատրիարք Մաթեոս Իզմիրլյանի գրական մրցույթում: Բայց նրա հոր դաժան սպանությունից ստացած սթրեսը և հայ ժողովրդի ծանր վիճակը միշտ ազդել են նրա որոշումների և գործողությունների վրա: Եվ շուտով նա ակտիվ քայլեր է ձեռնարկել իր երդումը կատարելու համար»,- շնորհանդեսի ժամանակ ասել է Շահան Նաթալիի դուստրը՝ Սիլվա Մանուկյանը:
Հուշերը, որը Նաթալին գրել է 1920-ականներին, նախատեսված չէր հրատարակության համար, այլ նրա վաղաժամ մահվան դեպքում պետք է փոխանցվեր հայ ժողովրդի պաշտպանների հաջորդ սերնդին:
«1971թ. սեպտեմբերի 12-ն էր, հայրս համոզեց մեր պապին համաձայնել ձայնագրության, ձայնագրության տևողությունը 6 ժամ 15 րոպե է: Դրանց մեծ մասը նվիրված է «Նեմեսիս» կամ «Հատուկ Գործ» գործողությանը։ Մենք նստել էինք նրա ոտքերի մոտ, և Շահանը պատմում էր թոռներին իր կյանքի պատմությունը և, իհարկե, ամենակարևորը ՝ «Նեմեսիս» գործողության պատմությունը», — պատմել է Շահան Նաթալիի թոռը, «Անծանոթի հուշերը» գրքի հրատարակիչ Արա Մանուկյանը:
Շահան Նաթալին ապրել է 99 տարի և մինչև կյանքի վերջին օրերը շարունակել է աշխատել համոզումով, որ երբ ինքը հեռանա, իր հուշերը կծառայեն Հայաստանի և մարդկության պաշտպանների հաջորդ սերնդին։