Շահրամանյանի նկատմամբ այս վարույթը քաղաքական հետապնդում համարել դեռ չեմ կարող. Երիցյան

04 Հունիսի 2025, 20:33

Քաղաքականություն

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հարցաքննվել է Արցախի վերջին պատերազմի ժամանակ զինվորական անփութության, զենք-զինամթերք թշնամուն հանձնելու գործով, նախագահն անցնում է վկայի կարգավիճաով:

Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է նրա փաստաբան Ռոման Երիցյանի հետ:

«Վարույթը նախաձեռնվել է 2023 թվականին: Այն ներկայացվել է Սամվել Բաբայանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Մեզ համար ևս զարմանալի էր, քանի որ իրավաբանական տրամաբանությունը հակառակն է հուշում: Նախագահը պետք է հարցաքննվեր դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, բայց հարցաքննվեց 2025 թվականին: Այսպիսի ինտենսիվությամբ հարցաքննությունները պայմանավորված են բացառապես գործի ծավալով: Արցախի Հանրապետության նախագահը թե՛ այս, թե առհասարակ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ նախաձեռնված այլ վարույթներով միշտ ցուցաբերել է վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցելու պատրաստակամություն: Այս վարույթի շրջանակներում ևս պատշաճ հարցաքննվում է»,-ասել է Ռոման Երիցյանը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների տեղեկություններին, թե նախագահը ձերբակալված է, Երիցյանի խոսքով, այդ տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն:

Ըստ փաստաբանի՝ Շահրամանյանի նկատմամբ այս վարույթը քաղաքական հետապնդում համարել դեռ չի կարելի։ «Արցախի Հանրապետության նախագահի դեմ քաղաքական հետապնդումներ իրականացվել են, բայց կոնկրետ այս վարույթը քաղաքական հետապնդում համարել չեմ կարող»,-հավելել է Երիցյանը:

Նշենք, որ նախաքննական տվյալները չբացահայտելու իր պարտականությամբ պայմանավորված՝ Երիցյանը զերծ է մնացել որոշակի հայտարարություններ անելուց:

Հիմա եթերում