Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված սիմֆոնիկ շոու՝ Սանկտ Պետերբուրգում
05 Հոկտեմբերի 2024, 21:36
Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանում առաջին անգամ Սանկտ Պետերբուրգի «Օկտյաբրսկի» դահլիճի բեմում տեղի կունենա բացառիկ սիմֆոնիկ շոու՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին:
Հոբելյանի առթիվ մաեստրոյի հիմնադրամը մշակել է մի շարք նախագծեր և միջոցառումներ՝ նվիրված մեծ արվեստագետի և հասարակական գործչի ժառանգությանը: Դրանց թվում առանցքային դեր է խաղում «Ազնավուր-100» սիմֆոնիկ շոուն, որին կմասնակցեն Էրիկ Բերշոն (դաշնամուր) և Քրիստինա Ազնավուրը (վոկալ):
Սիմֆոնիկ շոուի գաղափարը եղել է հենց Ազնավուրինը, ով երազում էր դասական մեկնաբանությամբ ներկայացնել իր երաժշտությունը։ Լեգենդար շանսոնյեն նաև մեծ ցանկություն ուներ ստեղծելու «Ազնավուրը ռուսերեն» ալբոմը, որը ներառում է հայտնի երգերի թարգմանություններ: Թիմի հետ երգիչը նույնիսկ սկսել էր աշխատել առաջին երգի թարգմանության վրա։
Հիմնադրամն իրականություն է դարձրել լեգենդի երազանքը՝ համագործակցելով դաշնակահար և Շառլ Ազնավուրի ընկեր Էրիկ Բերշոյի հետ։ Այսպիսով ՝«Ազնավուր-100» սիմֆոնիկ շոու նախագիծը միավորել է այս երկու գաղափարները:
Սիմֆոնիկ շոուն հրաշալի հնարավորություն է խորասուզվելու Շառլ Ազնավուրի անկրկնելի երաժշտության աշխարհում: Համերգի ծրագրում ընդգրկված են աշխարհահռչակ դաշնակահար Էրիկ Բերշոյի՝ բազմաթիվ երաժշտական մրցանակների արժանացած ամենահայտնի ստեղծագործությունները, որոնք ուղեկցել են Ազնավուրին տասնամյակներ շարունակ, իսկ որպես մենակատար հանդես կգա Քրիստինա Ազնավուրիը՝ լեգենդար արտիստի ժառանգությունը շարունակող երգչուհին:
Ծրագրում օգտագործվում են արտիստի բացառիկ լուսանկարներն ու տեսանյութերը՝ ստեղծելով ամբողջական ներկայության էֆեկտ։ Վիրտուալ դուետը հանդիսատեսին հնարավորություն է տալու լսել մեծ մաեստրոյի ձայնը կենդանի նվագակցությամբ, ինչն իսկապես յուրահատուկ է դարձնելու համերգը։