Շառլ Միշելը ադրբեջանամետ քաղաքական գործիչ է․ Գլեբ Կուզնեցով

09 Փետրվարի 2024, 22:44

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, թե Մոսկվայի դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում այլընտրանք չունի։ Մեր զրուցակիցը խոսել է նաև Ադրբեջանի նախագահական ընտրությունների և Հարավային Կովկասում Թուրքիայի շահերի մասին։

Փորձագետի կարծիքով՝ այն, թե ով է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում գլխավոր միջնորդը, հակամարտության կարգավորումն ինքնին երկրորդ պլան է մղվել:

«Խոսակցությունների պատճառով, թե ով ինչ դեր է զբաղեցնում, ով է գլխավոր միջնորդը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների կարգավորման գործում, խաղաղության պայմանագրի կարգավորման թեման ինքնին հետին պլան է մղվել։ Մենք տեսնում ենք, որ սահմանային հարցերը դեռևս չեն լուծվել, տեսնում ենք Ադրբեջանի տեղեկատվական հարձակումների շարունակականությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, տեսնում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներում մեդիա արշավ այն մասին, որ Հայաստան չկա և չի եղել։

Եթե նայեք, թե ինչ է ասում ու անում Ադրբեջանը, ապա ամենևին էլ ակնհայտ չէ՝ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, որ Ադրբեջանը պատրաստ է ստորագրել այն, և որ նույնիսկ ստորագրելով՝ կպահպանի այն։ Ուստի լավ կլիներ, որ այն մարդիկ, որոնք խոսքով հետաքրքրված են հակամարտության կարգավորմամբ, վերադառնային հարցի էությանը՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում բանակցային հարթակը»,- ասել է Կուզնեցովը։

Խոսելով այն մասին, որ Երևանը հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հաջորդ հանդիպումը Շվեյցարիայում, փորձագետը հեգնանքով նշել է, որ «ձիու վրա խաղադրույք կատարելիս պետք է, որ այդ ձին կարողանա վազել, իսկ առայժմ այնպիսի զգացողություն է, որ նույնիսկ մրցումներ չեն հայտարարվել»։

«Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ադրբեջանամետ քաղաքական գործիչ է, և քանի որ մոտենում է իր պաշտոնավարման ժամկետը, նա գնալով ավելի ադրբեջանամետ է դառնալու։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը դա հաշվի է առնում։ Եվրոպայում կա շատ ուժեղ ադրբեջանամետ լոբբի, և դա կապված է կոնկրետ ֆինանսական շահերի, նախագծերի և պայմանագրերի հետ։ Ուստի հայկական շահերի տեսանկյունից զուտ եվրոպական հարթակը այն հարթակը չէ, որը կարող է մեծապես առաջ տանել Հայաստանին սեփական շահերը պաշտպանելու հարցում»,- նկատել է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի ցանկությանը՝ վերակառուցել հանրապետության անվտանգային համակարգը և համագործակցել ոչ միայն Ռուսաստանի հետ, ապա փորձագետի կարծիքով, հույսը, որ Հայաստանը կօգտվի ՆԱՏՕ-ի անվտանգությունից, բացարձակ ուտոպիա է:

«Հայաստանը պետք է շատ հստակ հասկանա՝ կա ՆԱՏՕ-ի մի երկիր, որը պատրաստ է Հայաստան գալ ՆԱՏՕ-ի ողջ սպառազինությամբ, և այդ երկիրը Թուրքիան է: Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է, ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակներից մեկն ունի, և այդ պատճառով ՆԱՏՕ-ն ոչ մի ջանք չի գործադրի Հայաստանին վերազինելու, տրամադրելու նրան ինչ-որ տեխնոլոգիական հարթակներ և անվտանգության հետ կապված ամեն ինչ: Անկարան ՆԱՏՕ-ի համար շատ ավելի կարևոր պատմություն է, քան Երևանը։

Հույսը, որ Հայաստանը կօգտվի ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայից, ՆԱՏՕ-ի ռազմական հարթակներից և ՆԱՏՕ-ի ինչ-որ անվտանգությունից, բացարձակ ուտոպիա է։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոխարինի Թուրքիային ՆԱՏՕ-ում, իսկ դա իրատեսական չէ», — ընդգծել է Կուզնեցովը։

Խոսելով այն մասին, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան հարավկովկասյան տարածաշրջանում, քաղաքագետը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ նույն բանն է հետապնդում՝ ուզում է լինել գլխավորը։

«Էրդողանի խաղը միշտ լեռան արքայի խաղն է։ Նա ցանկանում է ունենալ լիարժեք քաղաքական և աշխարհաքաղաքական իշխանություն։ Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի գործընկերությանը, ապա այժմ Ռուսաստանի համար այն շատ առումներով այլընտրանք չունի։ Եվ այդ պատճառով, անկախ Ռուսաստանի ռազմավարական շահերից, Թուրքիայի կարծիքը կարող է և հաշվի կառնվի Հարավային Կովկասի տարածաշրջանների վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելիս», — եզրափակել է Կուզնեցովը։

Հիմա եթերում