Շատ հետաքրքիր կլիներ պատկերացնել՝ հիմա ինչ կասեր Բաղրամյանն այդ առիթով․ Բեզպալկոն՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների մասին
12 Մայիսի 2025, 22:30
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայրենական մեծ պատերազմի մասին Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունները Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Իրականում Թուրքիան իսկապես պատրաստում էր մոտ 29 դիվիզիա խորհրդային Կովկաս ներխուժելու համար և ուշադիր հետևում էր Հայրենական մեծ պատերազմի ճակատներում տեղի ունեցող իրադարձություններին։ Հնարավոր ներխուժման պահին Թուրքիայի ղեկավարությունը որոշեց ձեռնպահ մնալ Խորհրդային Միության հետ հակամարտությունից, և այդ խաղադրույքը ճիշտ ստացվեց։ Ուստի այս իրավիճակում ես ոչ մի միֆ չեմ տեսնում այն պնդման մեջ, որ Ստալինգրադի ճակատամարտը ծառայել է որպես Խորհրդային Միության տարածք հնարավոր ներխուժումից Թուրքիային զսպելու գործոն:
Հիշեցնեմ նաև, որ այն ժամանակ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Խորհրդային Միության մաս էր կազմում և չուներ լիարժեք միջազգային սուբյեկտայնություն: Ուստի արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշում կայացնելը կամ Հայաստանի մասին որպես ինքնուրույն քաղաքական խաղացողի խոսելը պատմության այդ շրջանում սխալ է և ոչ կոռեկտ»,- ասել է Բեզպալկոն:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը նման հայտարարություններ է անում, քանի որ Հայաստանում շատ չեն ցանկանում երախտապարտ լինել։
«Հայաստանում չեն ուզում երախտապարտ լինել, ուղիղ ասենք, ներկայիս Ռուսաստանին, որը պետություն է, Խորհրդային Միության շարունակողն ու այդ նույն հաղթանակի ժառանգորդը։ Հաղթանակի մեջ հիմնական ներդրումը կատարել է ռուս ժողովուրդը, և, ի դեպ, այնպիսի մարդիկ, ինչպիսին Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն է, ծնունդով Լեռնային Ղարաբաղից, որը մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին և շատ այլ մարտերի:
Ի դեպ, նա ժամանակին շատ կտրուկ էր արտահայտվում այդ առիթով։ Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ պատկերացնել՝ ինչ կասեր Բաղրամյանն այս պահին այդ կապակցությամբ։ Նա Ստալինգրադի ճակատամարտի հերոսն է, մարդ, ով իր արյամբ է վճարել այդ ամենի համար, ինչպես կընկալեր հիմա այս հայ պաշտոնյաների հայտարարությունը։ Պատմությունը վերանայելու ամբողջ փորձը, որպես կանոն, արտահայտվում է կամ մեղավոր չլինելու կամ երախտապարտ չլինելու ցանկությամբ: Ես այդպես եմ կարծում, որ հայկական ղեկավարությունը շատ է ցանկանում հայտարարել իր սուբյեկտայնության, ինքնուրույնության մասին և միևնույն ժամանակ հավասարեցնել Հայրենական մեծ պատերազմում և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեծությունը»,-եզրափակել է Բեզպալկոն: