Եթե այս մարդկանց չկասեցնենք, Տավուշի ողբերգությունն ամբողջ Հայաստանով շարունակվելու է․ Բագրատ Սրբազան

06 Հունիսի 2024, 19:50

Քաղաքականություն

Սոթքի ամբողջ լեռնաշղթան դարձել է սահման, որտեղից թշնամին ամբողջությամբ վերահսկում է մեր բնակիչների կյանքը։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Մենք ամբողջությամբ շրջապատված ենք։ Տավուշում տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ պարզապես հողերի հանձնում։ Եթե այս մարդկանց չկասեցնենք, չուղարկենք իրենց սիրած տեղերը, Տավուշի ողբերգությունն ամբողջ Հայաստանով շարունակվելու է։ Զիջումների այս շղթան շարունակվելու է, իսկ անվտանգության սպառնալիքները՝ ահագնանալու են, քանի որ Հայաստանի գործող իշխանությունը լուռ կատարում է թշնամու պահանջները»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծեց՝ թշնամին մեկ միլիմետր անգամ չի նահանջելու, դեռ հակառակը, անընդհատ առաջ են գալու, քանի որ տեսնում են իրենց դիմաց ծնկածի։

«Մենք շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի վերջնականապես ազատվենք այս չարիքից, և դա տեղի ունենալու է՝ անկախ նրանից, թե նրանք ինչպես իրենց կդրսևորեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։