Շատերը քաղաքավարությունից ելնելով չեն ցանկացել հակազդել վարչապետին. Սարգիս Շահինյան
30 Հունվարի 2025, 22:30
Հունվարի 24-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
Արդեն այսօր Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը (CAAS) հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Փաշինյանին պարզաբանել իր արտահայտությունները:
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ:
«Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհրդի արձագանքը բավականին շուտ եղավ, քանի որ պետք չէ մոռանալ՝ մենք մի խորհուրդ ենք և շարժվում ենք բոլոր կազմակերպությունների հետ համաձայնեցմամբ: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա էին մարդիկ, որոնք համաձայնել են, որ նման հայտարարություն տարածենք: Մարդիկ չէին հավատում իրենց լսածին, ուղղակի քաղաքավարությունից ելնելով, ուժի տարբերության զգացումն ունենալով, միգուցե համարձակություն կամ անհրաժեշտ գիտելիքներ չունենալու պատճառով չհակադրվեցին: Բայց այն, որ նրա խոսքերը զարմանք են առաջացրել, դա մեր հայտարարությունից պարզ է դառնում: Եվ հայտարարությունն արվել է այդ լռությունը կոտրելու համար»,- նշել է Շահինյանը:
Խոսելով Փաշինյանի նման հայտարարության հետևանքների և վնասների մասին՝ նա ընդգծել է.
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարող է ազդել հայերի դեմ գործած ցեղասպանության ճանաչման ունիվերսալացումը կոտրելու վրա: Այս հայտարարությամբ նա նաև թույլ է տալիս մեր հակառակորդին մեջբերել իր խոսքերը և ասել՝ տեսեք, ձեր վարչապետն է հարցականի տակ դնում Հայոց ցեղասպանության իրողությունը: Այն կարող է ազդել նաև միջազգային ճանաչման ընթացքի վրա: Նման հայտարարությամբ Փաշինյանը գիտնականներին պարտավորեցնում է իրենց արած հետազոտությունները հարցականի տակ դնել: Մենք մեծ ծարավով սպասում ենք վարչապետի արձագանքին՝ հասկանալու, թե ինչը նրան դրդեց այս տեսակ հայտարարություն անել»: