Շիֆը պատրաստվում է նամակ գրել Ջո Բայդենին Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով
12 Օգոստոսի 2023, 18:42
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մնացականյանը։
Նա հայտնել է Ադամ Շիֆի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մանրամասները` նշելով, որ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր ներգրավվածությունը հայերին օգնելու հարցում։
«Քննարկվել են Արցախի հիմնախնդիրները, նախ եւ առաջ, սնունդը թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով հնարավորինս արագ Արցախ հասցնելու հարցը: Ադամ Շիֆը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքները, նա հիմա նամակ է պատրաստում նախագահական ուղարկելու համար: Սիրելի՛ Արցախ, մենք ձեզ հետ ենք, մենք չենք դադարում պայքարել, հորդորում եմ Սփյուռքի մյուս կազմակերպություններին աշխատանքներ տանել: Ներկայիս առաջնային խնդիրը Արցախն է, բայց նաեւ մեր նպատակն է ցույց տալ, որ միասնական ենք, պառակտված չենք»,– նշել է Մնացականյանը։
Հիշեցնենք, որ ամերիկահայերը օրեր շարունակ ակցիաներ են իրականացնում և պահանջում, որ Ադամ Շիֆը կամ մյուս կոնգրեսականները Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի լուծման համար քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելով։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ հայ համայնքի ներկայացուցիչները փակել էին Գլենդել-Բըրբանք մայրուղին՝ կաթվածահար անելով երթեւեկությունը: Նրանք հանդիպում էին պահանջում Ադամ Շիֆի հետ: Կոնգրեսականը համաձայնել է ընդունել հայերին` ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի միջնորդությամբ: