Շիրակում բնակիչները դժգոհում են պարտադիր քարտային համակարգից և աճող աղքատությունից

09 Մարտի 2026, 16:00

Քաղաքականություն

Շիրակում անցկացված հարցման ժամանակ բնակիչները դժգոհություն են հայտնել երկրի սոցիալ-տնտեսական վիճակից։ Նրանք բողոքում են հարկերի ավելացումից, որը չի համապատասխանում մարդկանց եկամուտներին։

Ըստ հարցվածների՝ պետությունը պայմաններ ստեղծելու փոխարեն միայն սահմանափակումներ է դնում։

«Հարկերն ավելացնում են, բայց դրա փոխարեն իրենց գումարներն են աճում, ոչ թե ժողովրդի։ Եթե 36 000 դրամը դարձնեին գոնե 80 000, ժողովուրդը կկարողանար մի կերպ յոլա գնալ»,- նշում է բնակիչներից մեկը։

Հարցվածները հատկապես մտահոգված են թոշակների վճարման քարտային համակարգի պարտադիր ներդրմամբ և բացօթյա առևտրի արգելքով․ «35 տարի պետությանը հարկ եմ տվել, բայց եկավ մի պահ, որ օղակը սեղմվեց։ Երբ շատ են սեղմում, մարդը խեղդվում է»։

Մեկ այլ քաղաքացի էլ բարձրաձայնում է նաև զբաղվածության խնդիրը՝ շեշտելով, որ կենսաթոշակային տարիքի մարդկանց համար աշխատաշուկան փակ է, իսկ սոցիալական աջակցությունը՝ անբավարար․ «68 տարեկան եմ, ո՛չ գործի են ընդունում, ո՛չ էլ տեղ կա աշխատելու։ Աղքատությունը վերևից է գալիս։ Պետության ղեկավար չունենք, ամբողջ Հայաստանը դրել են տակն ու ուտում են»։