Շոկ ապրեցի, երբ տեսա՝ ինչպես է հարբած ամբոխը բռունցքներով և աքացիներով հարվածում Մայր Տաճարի դռանը․ Տեր Վրթանես

29 Դեկտեմբերի 2025, 22:26

Քաղաքականություն

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանն Alpha News-ի եթերում խոսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած գրոհի, ուժայինների գործողությունների և տիրադավ եպիսկոպոսների մասին։

Նշենք, որ դեկտեմբերի 18-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները գնացել էին Մայր Աթոռ, որտեղ նախատեսված էր միասնական աղոթք, իսկ հավատավոր ժողովուրդը եկել էր Էջմիածին իր աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին։ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել է միասնական աղոթքից հետո, երբ 10 եպիսկոպոսների և Փաշինյանի աջակիցները ոտքերով հարվածել են Մայր տաճարի դռներին։

Քահանայի խոսքով՝ ականատես եղան ուղղորդված գրոհի, որի ժամանակ քաղաքացիական հագուստով ուժայինները կոտրել են ոստիկանական պատը՝ ճանապարհ բացելով հարբած ամբոխի համար։

«Ես այնտեղ սրտամկանի ինֆարկտ և կարդիոգեն շոկ ապրեցի այն երևույթից, երբ տեսա, թե ինչպես հարբած ամբոխը բռունցքներով և աքացիներով հարվածում էր Մայր Տաճարի դռանը։ Այնտեղ կային հատուկ ուղղորդող սադրիչներ՝ Վրեժ Դուրգարյանը, Տավրոս Սափեյանը և Կարեն Պետրոսյանը։ Նրանցից մեկն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական փոխտնօրենն է, Սափեյանը Թալինի համայնքապետն է, իսկ Կարենը Պետրոսյանը Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ռեկտորն է»,- ասել է Տեր Վրթանեսը։

Հարցին, թե արդյոք հակաեկեղեցական գործողություններին միացած սրբազանները հետաքրքրվել են նրա առողջությունով, Տեր Վրթանեսը նշել է, որ նրանք գործում են վախի և շանտաժի ներքո․ «Տիրադավ եպիսկոպոսները որևէ կերպ չէին տարբերվում այդ հարբած ամբոխից։ Այդ տիրադավ եպիսկոպոսները մեկ ուղղորդող ունեին՝ վարչապետը։ Այդ սրբազանները, բնականաբար, չեն զանգել և չէին էլ զանգի, նրանք երբեք էլ նրբանկատությամբ չեն փայլել քահանաների նկատմամբ։ Նախկինում էլ նրանք նման կեցվածք են ունեցել, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը նրանց դեմ կոմպրոմատներ ունի, որոնցով վախեցնելով՝ գերեվարել է նրանց»։

Քահանան շեշտել է, որ բռնություն է կիրառվել ոչ միայն հոգևորականների, այլև համազգեստավոր ոստիկանների և լրագրողների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։