Շոլցն ընդունել է ընտրություններում պարտությունը
23 Փետրվարի 2025, 22:33
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պարտություն է անվանել Բունդեսթագի (խորհրդարան) ընտրություններում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության արդյունքը։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա դառը արդյունք է կուսակցության համար, դա պարտություն է ընտրություններում», — կիրակի օրը կայացած քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբում:
Նա նշել է, որ 2021 թվականին կարողացել է ընտրություններում հաղթանակի հասնել ԳՍԴԿ-ի համար։ Նա շնորհավորել է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ:
ARD հեռուստաալիքի էքզիթփոլի տվյալների համաձայն՝ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական դաշինքը հաղթում է ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 29 տոկոսը, Սոցիալ-դեմոկրատները պատմական ցածր՝ 16 տոկոս արդյունքով հայտնվել են երրորդ տեղում՝ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ից հետո։