«Շունչ» թատրոնը հյուրախաղերով ՌԴ-ում է
15 Ապրիլի 2025, 21:30
Ապրիլի 11-ից «Պատերազմի ցեցը» ներկայացմամբ մեկնարկել է «Շունչ» թատրոնի շրջագայությունը Ռուսաստան։
Alpha News-ը ներկա է գտնվել «Պատերազմի ցեցը» ներկայացման մոսկովյան ցուցադրությանը։
Թատերախումբն այս ներկայացումը կցուցադրի ՌԴ 10 քաղաքներում։
«Պատերազմի ցեցը» ներկայացման ռուսաստանյան հյուրախաղերի կազմակերպիչների խոսքով՝ սփյուռքում կար հայկական ներկայացումների պահանջարկ։
«Ինչո՞ւ ընտրվեց հենց «Պատերազմի ցեցը» ներկայացումը, քանի որ այն ասելիք ունի, թե հայրենասիրության մասին, թե այն պատմության, որով մենք անցել ենք ու ամեն հայ ընտանիք է անցել»,-Alpha News-ի հետ զրույցում ասել է Դանիել Հայրապետյանը։
Պիեսի հիմքում պատերազմի թեման է՝ իր բոլոր հետևանքներով։ Ընտրված է ընտանիքի մոդելը՝ որպես ազգի հավաքական մարմնավորում, որտեղ յուրաքանչյուր կերպար, կարծես, ներկայացնում է հասարակության ինչ-որ մի շերտ՝ իր մտածելակերպով ու նպատակներով։
Ինչո՞ւ պատերազմել, ինչո՞ւ պայքարել սեփական հողի ու հայրենիքի համար, ինչպե՞ս հաղթահարել պատերազմի տված ցավը, ողբերգությունն ու հետևանքը, ինչպե՞ս սերունդներին թողնել խաղաղ երկիր։ Այս հարցերի պատասխաներն են փորձում գտնել ներկայացման հերոսները։
«Փորձել ենք մեր հնարավոր պատասխաններով, գաղափարներով, բարոյախրատական խորհուրդներով բերել հասցնել հանդիսատեսին այն մտքին, որ հայրենիքից վեր, հայրենասիրությունից վեր ոչինչ չկա»,- մեզ հետ զրույցում հավելել է դերասան Սամվել Դանիելյանը։
Պիեսի հեղինակներն են Արմինե Բոյաջյանը, Նարեկ Մանուչարյանը։ Դերերում հանդես են գալիս Սամվել Դանիելյանը, Սիրանուշ Լազարյանը, Սաշա Սուքիասյանն ու Սեյրան Մովսիսյանը։