Շուշիի ֆորումում ինձ ապշեցրել Է «ծայրահեղական և ահաբեկիչ» Դմիտրի Գորդոնի ներկայությունը. Զախարովա

24 Հուլիսի 2025, 15:33

Քաղաքականություն

ՌԴ-ում ծայրահեղականների և ահաբեկիչների ռեգիստրում գրանցված ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի ներկայությունն արցախյան Շուշիում կայացած համաժողովում «սև նշան» է նրանց համար, ովքեր որոշակի հույսեր են կապում Արևմուտքի հետ։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակառուսական հայտարարությունների վերաբերյալ Alpha News-ի հարցին:

«Նախագահի վարչակազմը (ՌԴ-խմբ.) համապատասխան արձագանք է տվել։ Գիտեք, այս ֆորումում ինձ, ի թիվս այլ բաների, զարմացրեց մեր օրենսդրության համաձայն համապատասխան կարգավիճակ ունեցող հանցագործի՝ Դմիտրի Գորդոնի ներկայությունն այնտեղ, որը գրանցված է գրանցված է ծայրահեղականների և ահաբեկիչների ռուսական ռեեստրում՝ ներկայանալով որպես Ուկրաինայի լրագրող։ Ես կբացատրեմ, թե ինչու… Ինձ թվում է՝ այստեղ շատ հետաքրքիր պատմություն է։ Նկատենք, որ այս ծայրահեղականի հայտնվելը միշտ էլ «սև նշան» է նրանց համար, ովքեր ինչ-որ հույսեր են կապում Արևմուտքի հետ։ Իսկ դուք հիշում եք Դմիտրի Գորդոնի երեքժամյա հարցազրույցը, որն այնուհետև օգտագործվեց և գովազդվեց նրանց կողմից, ովքեր պատրաստվում էին Բելառուսում անցկացնել հակասահմանադրական, հակապետական հեղաշրջում», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հիմա էլ այդ «ծայրահեղական կկվին» հենց այնպես չեն նետել։

«Այդ պատճառով ես միանգամայն համաձայն եմ նրանց հետ, ովքեր տեղի ունեցողի մեջ տեսնում են Արևմուտքի ձեռքը», — հավելել է նա։