Շուշիի հումանիտար քոլեջի «Հագուստի մոդելավորում և ձևավորում» բաժնի շրջանավարտները ներկայացրել են իրենց աշխատանքները
12 Հունիսի 2023, 12:35
Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի «Հագուստի մոդելավորում և ձևավորում» բաժնի շրջանավարտները նախօրեին ուսուցիչներին և համապատասխան հանձնաժողովին ներկայացրեցին իրենց ավարտական աշխատանքները, հայտնում է Arstakhtert.am-ը:
44-օրյա պատերազմից հետո Արսեն Խաչատրյանի Շուշիի պետական քոլեջը հաստատվել և գործում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում։ Նախկինում հիմնականում մանկավարժական կողմնորոշում ունեցող ուսումնական հաստատությունը պատերազմից հետո սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել ստեղծագործական մասնագիտություններին։
Քոլեջում գործում են «Դիզայն», «Հագուստի մոդելավորում և ձևավորում», «Դեկորատիվ և կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտությունները։
«Այս տարի քոլեջը թողարկում է շրջանավարտներ դիզայնի, նորաձևության դիզայնի, ռադիոտեխնիկայի և գրադարանագիտության մասնագիտություններով: Առավելություն է այն, որ անցած 2 տարիների համեմատ ավելի շատ գործնական- մասնագիտական աշխատանք է կատարվել»,- ասաց Շուշիի Ա․Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի տնօրեն Արա Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ քոլեջի հիմնական առաքելությունն այնպիսի մասնագետներ պատրաստելն է, ովքեր կստեղծեն իրենց բիզնեսը։
«Մենք ունենք նման շատ օրինակներ: Նաև գիտակցում ենք, որ ներկա իրավիճակում ոչ բոլորը կարող են աշխատել իրենց մասնագիտությամբ, բայց եթե շրջանավարտների 50 տոկոսը ստեղծի իր բիզնեսը, կնշանակի, որ մենք կատարել ենք մեր առաքելությունը»,- հավելել է տնօրենը։
Շրջանավարտներից Կարինե Աղաջանյանը հանձնաժողովին է ներկայացրել երեկոյան եւ թեթեւ ատլասե զգեստների իր հավաքածուն։ Ասում է, որ քոլեջից հետո ուսումը կշարունակի Արցախում՝ նորաձեւության, դիզայնի ոլորտում իր գիտելիքները համալսարանում հղկելու համար։
Դասական ոճով ու ժամանակակից տարրերով համադրված երիտասարդական հագուստի իր հավաքածուն էլ ներկայացրել է շրջանավարտ Լիլյա Բրիդինան: Նա անկեղծացել է, որ ավարտական դիպլոմը ստանալուց հետո մտադիր է աշխատել հագուստի առևտրով, որպեսզի վաստակած միջոցներով սեփական բիզնեսը ստեղծի իր մասնագիտությամբ։