Շուշիում հյուպատոսություն բացելով՝ Էրդողանն ապահովելու է Թուրքիայի քաղաքական ներկայությունը Արցախում

14 Հունիսի 2023, 14:00

Կարծիք

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի համոզմամբ՝ օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելով՝ Էրդողանը փորձում է Թուրքիայի քաղաքական ներկայությունն ապահովել Արցախում:

«Շուշիի աշխարհաքաղաքական դերը բավականին կարեւոր ու խորհրդանշական է: Ցավոք, այդ նշանակությունը չեն հասկանում միայն Հայաստանի իշխանությունները: Երբ Էրդողանը հայտարարում է, որ հյուպատոսության բացումը ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, նա առաջնահերթ նկատի ունի տարածաշրջանի պետություններին՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին եւ Իրանին»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Տաթեւիկ Հայրապետյանը`հավելելով, որ հյուպատոսության բացմամբ՝ Թուրքիան խորացնելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթն ու ընդլայնելու է դրա շրջանակը:

Նշենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում, որը ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին:

Ադրբեջան կատարած այցի ժամանակ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը քննարկել են նաեւ այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի հարցը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Էրդողանի հետ մտքեր են փոխանակել Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման վերաբերյալ եւ ընդգծել, որ միջանցքի բացումն անխուսափելի է:

Տաթեւիկ Հայրապետյանի դիտարկմամբ, այս հարցում կանխատեսելի էր ադրբեջանական ու թուրքական կողմերի ակտիվությունը:

«Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս ցույց են տվել, որ պատրաստ են այդ հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով, թերեւս հիմա գործադրում են քաղաքական ճնշում, եւ խոսում են ուժի սպառնալիքի մասին:

Եթե նկատեցիք՝ Ալիեւի եւ Էրդողանի ասուլիսում գերական կետն այն էր, որ տարածաշրջանում խնդիրները լուծվում են ուժով եւ ոչ թե միջազգային իրավունքով եւ իրենք պետք է ռազմականացման ճանապարհով գնան իրենց խնդիրները լուծելու համար, որովհետեւ այդ երկրների համար այդ ամենն ունի աշխարհաքաղաքական կարեւոր նշանակություն:

Պատահական չէ, որ Ալիեւը իր ելույթներում դժկամությամբ է հիշատակել Նժդեհին, որովհետեւ հենց նրա պայքարի շնորհիվ ձախողվեց թուրք-ադրբեջանական, ինչպես նաեւ բոլշեւիկյան ծրագիրը, որպեսզի Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան կապվեն իրար հետ: Հիմա իրենք համարում են, որ սա բարենպաստ ժամանակահատված է այդ ծրագիրն իրականացնելու համար, դրա համար էլ այդ ուղղությամբ հսկայական ջանքեր են գործադրում»,- ասաց ադրբեջանագետը:

Հիմա եթերում