Շուտով արցախցի սամբիստները կարող են առանձին ստատուսով հանդես գալ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում․ Միքայել Հայրապետյան

30 Հուլիսի 2024, 23:30

Սպորտ

Արցախցի սամբիստները կարող են առանձին ստատուսով հանդես գալ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Global USA Inc»-ի հիմնադիր նախագահ Միքայել Հայրապետյանը։

«Մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր արցախցի սամբիստները կարող են առանձին ստատուսով հանդես գալ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Դա փախստականի կարգավիճակն է։ Այսինքն՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն արցախահայ սպորտսմեններին ճանաչում է որպես փախստական, իսկ փախստական ճանաչում են այն մարդկանց, որոնք բռնի տեղահանվել են իրենց երկրից, իրենց հայրենիքից»,- ասաց Հայրապետյանը։

Հարցին՝ արդյոք հարևան պետության ներկայացուցիչները չեն արձագանքել այս որոշմանը, Հայրապետյանը նշեց․

«Այո, հարևան պետության ներկայացուցիչներն աղմուկ բարձրացրին, բայց միջազգային սամբոյի ֆեդերացիան և Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատեցին մեր իրավունքը և այդ իրավունքից մենք օգտվում ենք։ Շուտով Բիշքեկում անց է կացվելու աշխարհի գավաթներից մեկը, որտեղ մասնակցելու են նաև մեր արցախցի մարզիկները։ Վստահ եմ՝ ոսկիները կբերեն, և մեծ տոնախմբություն կլինի, քանի որ մեզ հաղթանակներ շատ են պետք, մենք հաղթանակած ենք ու միշտ հաղթելու ենք։ Մի փոքր աշխատասիրություն, ուժ, եռանդ և ամեն ինչ հետ կգա իր տեղը»։

Խոսելով իր գործունեության մասին՝ Հայրապետյանն ընդգծեց․

«Միացյալ նահանգներում ինձ ճանաչում են իբրև «Global USA Inc»-ի հիմնադիր ղեկավար, նաև «American Global Group» մեքենաների առքուվաճառք, բեռնափոխադրում կատարող ընկերության համահիմնադիր։ Մյուս համահիմնադիրը Վարդան Օնանյանն է, ով հայրենիքին նվիրյալ մարդ է, մասնակցել է պատերազմին և հաշմանդամություն ստացել։ Նաև Armenian Business Corner նախաձեռնության համահիմնադիր-ղեկավարն եմ, որն աջակցում է հայ-ամերիկյան բիզնեսի զարգացմանը, հայկական բիզնեսները բերում ենք մեզ մոտ, և 6 ամիս ներկայացնելուց, շուկային պատրաստելուց հետո ներկայացվում են մեծ առևտրային ցանցերին և կնքում պայմանագրեր»։