Շոյգուն կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

05 Նոյեմբերի 2025, 11:34

Քաղաքականություն

ԱՊՀ-ին սպառնացող վտանգները, դրանց արձագանքման միջոցները և Արևմուտքի գաղափարական էքսպանսիային հակազդելը կլինեն ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների XIII հանդիպման ուշադրության կենտրոնում: Այն կանցկացվի նոյեմբերի 5-ին Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ, ով, ինչպես ենթադրվում է, առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունից, կքննարկվեն ԱՊՀ տարածքում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, արձագանքման հնարավոր համատեղ միջոցները: Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հանդիպումը նվիրված կլինի նաև հումանիտար համագործակցության հարցերին, Արևմուտքի գաղափարական էքսպանսիային հակազդելուն։

Շոյգուն նշել է, որ ԱԽ քարտուղարների հանդիպումը «վստահության շփման իսկապես յուրահատուկ ձևաչափ է, որը թույլ է տալիս ոչ միայն բաց և կառուցողական քննարկել անվտանգության ապահովման ոլորտում օրակարգի ամենաբարդ հարցերը, այլև համատեղ, ընդհանուր ավանդական արժեքների ամուր հիմքի վրա լուծումներ մշակել՝ պաշտպանելու երկրներին, ժողովուրդներին արտաքին և ներքին սպառնալիքներից»:

Հանդիպման շրջանակներում ԱԽ քարտուղարները նաև ծաղիկներ կդնեն Մոսկվայի Ալեքսանդրովյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։