Շրջափակման հետևանքով շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել 83,9 տոկոսով

27 Մայիսի 2023, 00:00

Հայեր

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է 1,9 մլրդ. դրամի  շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 83.9 տոկոսով: 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, տեղեկացրել է Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները: 

Նրա խոսքով՝ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 96,6 տոկոսը: 

Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ խիստ նվազել է կազմակերպությունների, մարդասիրական օգնության, համայնքային ու  պետական բյուջեի և այլ միջոցների և հակառակը՝  9,1 տոկոսով աճել բնակչության միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

ԱՎԾ նախագահի տեղեկատվությամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 75,1%-ը կատարվել է պետական բյուջեի, 14,5%-ը` բնակչության, 5,5%-ը՝ մարդասիրական օգնության, 3,9%-ը՝ կազմակերպությունների միջոցներով: 

«Հանրապետությունում իրականացված շինարարության 42,5%-ը  բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 41 %-ը` փոխադրումներ և պահեստային տնտեսությանը, 5,7%-ը` մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգմանը, 3,6%-ը` մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտին:

Տարածքային առումով հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 40 %-ը բաժին է ընկել մայրաքաղաքին, 31,4%-ը՝ Մարտունու, 26,9%-ը՝ Ասկերանի, 1,7%-ը՝ Մարտակերտի շրջաններին»,-ընդհանրացրել է Մ.Մինասյանը։