Շրջափակման շրջանում դասերին մասնակցել են ավելի շատ ուսանողներ, քան մինչեւ այդ էր. Արցախի պետական համալսարանի ռեկտոր

17 Հունիսի 2023, 21:00

Կրթություն

Չնայած շրջափակմանը՝ Արցախում կրթական գործընթացն ընթանում է բնականոն հունով: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը Alpha News-ի հետ զրույցում պատմել է այս շրջանում անցկացվող բուհական ընդունելության քննությունների ընթացքից եւ շրջափակման պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպումից:

Նա վստահեցրել է, որ Արցախում ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի ե՛ւ հանրակրթության, եւ՛ բարձրագույն կրթության բնագավառներում չխաթարվի ուսումնական պրոցեսը:

«Այս տարի դիմորդներն ավելի շատ են տնտեսագիտության, իրավագիտության եւ լեզուների բաժիններում: Բավարար չափով դիմորդներ կան նաեւ քիմիա, կենսաբանություն, մանկավարժություն, հայոց լեզու եւ գրականություն բաժիններում:

Արցախի պետական համալսարանն այս տարի 275 դիմորդ ունի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի համար: Օգոստոսին կմեկնարկեն հեռակա ուսուցման համակարգի, ինչպես նաեւ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության քննությունների երկրորդ փուլը:

Չնայած ձմռանը ջեռուցման լրիվ կամ մասնակի բացակայությանը, Արցախի պետական համալսարանում չեն դադարել դասընթացները: Իհարկե դժվար էր, բայց ձգտում էինք, որ ուսումնական գործընթացը կազմակերպվի ամբողջությամբ»,- պատմեց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ Արցախի պետական համալսարանի 40 ուսանողներ, որոնք շրջափակման հետեւանքով չեն կարողացել վերադառնալ Արցախ, դասընթացներին մասնակցել են հեռավար տարբերակով:

Խոսելով շրջափակման պայմաններում երիտասարդների եւ ուսանողների տրամադրություններից եւ զգացողություններից, Արցախի պետական համալսարանի ռեկտորն ընդգծեց, որ նրանց տրամադրությունը բարձր է:

«Շրջափակման շրջանում թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգերի դասընթացներին մասնակցել են ավելի շատ ուսանողներ, քան մինչեւ շրջափակումն էր: Ուսանողները չեն դադարել նաեւ արտաուսումնական տարբեր միջոցառումներ կազմակերպել: Օրինակ՝ գիտական արշավներ են կազմակերպել դեպի հուշարձաններ, հնագիտական այլ վայրեր: Այս տարի պետք է ձգտենք շարունակել այդ ավանդույթը եւ պետք է կազմակերպենք ուսանողական վրանային ճամբար: Յուրաքանչյուր տարի այդ ճամբարին մասնակցում էին նաեւ ՀՀ բուհերի ուսանողները, այս տարի ամենայն հավանականությամբ պետք է սահմանափակվենք միայն Արցախի կրթօջախների ուսանողներով, ինչպես նաեւ ՀՀ բուհեր ընդունված արցախցի առաջին կուրսեցիներով»,- ասաց Արմեն Սարգսյանը: