Շրջափակված Արցախում 5 երեխաների մայրը ցանկացած դժվարության պատրաստ է, միայն խաղաղություն լինի
17 Հուլիսի 2023, 23:04
44-օրյա պատերազմից հետո Լավետա Վարդանյանն իր 5 երեխայի հետ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից տեղահանվեց ու հաստատվեց Մարտունու շրջանի Հերհեր համայնքում։ Տիկին Լավետան գյուղատնտեսությամբ է զբաղվում` հող է մշակում ու անասուններ պահում։
«Մեր արդար աշխատանքով ապրուստ ստեղծեցինք, բայց կյանքն այլ ընթացք ստացավ, եւ ստիպված՝ մեր տարիների վաստակածը թողեցինք ու հեռացանք։ Բայց չեմ հուսահատվել, այսօր էլ շարունակում եմ ապրել նույն սկզբունքով` չնայած մեր հայրենիքի շրջափակումը համարյա անհնարին է դարձրել թռչնաբուծությամբ զբաղվելը»,- «Արցախթերթին» պատմել է արցախցի կինը։
Ստացված բերքը սովորաբար Ստեփանակերտի կենտրոնական շուկայում էր վաճառում: Բայց հիմա դա անհնարին է դարձել՝ վառելիքի սղության պատճառով:
«Բերքը շատ արագ է սպառվում։ Մարդիկ էլ գոհ են մնում որակից։ Երբեմն նաև մեծ քանակի պատվերներ եմ ստանում եւ այնպես անում, որ հա՛մ ինձ, հա՛մ գնորդին հարմար լինի»,- ասել է տիկին Լավետան:
5 երեխաների մայրը ցանկացած դժվարության պատրաստ է, միայն թե Արցախում խաղաղություն լինի: