Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը
18 Մարտի 2025, 15:02

Այսօր Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ է քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։
Նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հայրենիք։
Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում է Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը, որը կայացել է 2024 թ. դեկտեմբերի 17-ին։ Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է հայկական հարցին։