Սիլվա Կապուտիկյան. Պոեզիա, քաղաքականություն և սեր հայրենիքի հանդեպ
05 Հունվարի 2025, 23:00
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունվարի 5-ը անվանի բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է:
Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականի հունվարի 5-ին Երևանում, ուսուցիչ և հեղափոխական թերթի նախկին խմբագիր, Վան քաղաքից փախստական Բարունակ Կապուտիկյանի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո Սիլվան սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
Նրա ստեղծագործությունները սկսել են տպագրվել դեռևս 1933 թվականից։ Բանաստեղծուհին եղել է Հայաստանի գրողների միության անդամ, Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ: Կապուտիկյանը եղել է նաև Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր և «PEN-ակումբ» միջազգային ինտելկտուալ ակումբի անդամ:
Բանաստեղծուհին հեղինակ է ավելի քան 60 հայերեն և ռուսերեն գրքերի, որոնցից շատերը թարգմանվել են նաև աշխարհի այլ լեզուներով: Կապուտիկյանը նաև բազմաթիվ մանկական բանաստեղծությունների հեղինակ է։
Լինելով մեծ հայրենասեր՝ Կապուտիկյանը մշտապես շատ ակտիվ դիրքորոշում է ունեցել Արցախի հարցում և եղել է Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը: 1988 թվականի փետրվարի 26-ին Կապուտիկյանը հանդիպել է Միխայիլ Գորբաչովի հետ՝ հույս ունենալով ղարաբաղյան հարցը լուծել հօգուտ Հայաստանի։
Բանաստեղծուհու ամուսինը հայ անվանի բանաստեղծ Հովհաննես Շիրազն էր, իսկ որդին՝ քանդակագործ Արա Շիրազը:
Կապուտիկյանի մահից հետո նրա բնակարանը Երևանում, որտեղ բանաստեղծուհին ապրել է 30 տարի, վերածվել է թանգարանի։ Իր կենդանության օրոք նա անձամբ կահավորել է բնակարանը և իր կտակում նշել, որ բնակարանի ինտերիերում որևէ փոփոխություն չկատարվի։
Սիլվա Կապուտիկյանը կյանքից հեռացել է 2006 թվականի օգոստոսի 26-ին․ թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: