Սիմֆերոպոլում կբացվի «Արմենակ Անոպյան. Սկիզբ…» ցուցահանդեսը

04 Հունիսի 2025, 23:36

Մշակույթ

Հունիսի 5-ին Սիմֆերոպոլում՝ Ի. Լ. Սելվինսկու տուն-թանգարանում, կբացվի նկարիչ Արմենակ Անոպյանի ցուցահանդեսը:

«Արմենակ Հակոբյան. Սկիզբ…» խորագրով ցուցահանդեսին կներկայացվեն նկարչի ընտանեկան արխիվում պահվող գործերը։ Նրա բազմաթիվ նկարներ, փաստաթղթեր, ինքնագրերով արժեքավոր գրքեր և նամակներ (Գորկուց, Վոլոշինից, Տրենևից) խուզարկությունների ժամանակ առգրավվել կամ տեղափոխությունների ժամանակ կորել են։ Սա եզակի հնարավորություն է տեսնելու Արմենակ Անոպյանի աշխատանքներն՝ առաջին անգամ 1944 թվականից ի վեր:

Արմենակ Օնոպրիոս Անոպյանի կյանքը լի էր ամենատարբեր իրադարձություններով, հաճախ՝ դրամատիկ։ Արմենակը ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով)։ Այն նկարչի հոր՝ հայտնի բանաստեղծ, թարգմանիչ և խմբագիր Օնոպրիոս Անոպյանի ծննդավայրն էր։ Գրականագետները Օնոպրիոս Անոպյանին անվանում էին «հայկական Պուշկին»։

Նկարիչը ծնվել է Դոնի Նախիջևանում 1908 թվականի փետրվարի 7-ին։ Մեկ տարի անց, հանգամանքների բերումով, Անոպյանների ընտանիքը տեղափոխվել է Ղրիմ ՝ Սիմֆերոպոլ ։

Արմենակ Անոպյանը մանկուց հետաքրքրված էր նկարչությամբ։ 1924 թվականին ընդունվել է Սիմֆերոպոլի կերպարվեստի տեխնիկում, որտեղ դասավանդել են ճանաչված արվեստագետներ։

Նա ևս անմասն չի մնացել ստալինյան բռնաճնշումներից։ Նկարչին բաժին են ընկել բազմաթիվ փորձություններ, որոնք դառը հետք են թողել նրա կյանքում և ստեղծագործություններում։ 1937 թվականին Արմենակն ու Ղրիմի մի խումբ նկարիչներ ձերբակալվել են։ Այդ ժամանակ նա 29 տարեկան էր։ Բանտում անցկացրած մի քանի տարիները լրջորեն վնասել են նրա առողջությունը

Կյանքի վերջին տարիներն Արմենակ Անոփյանը նվիրել է իր հոր արխիվների պահպանմանն ու համակարգմանը։ Հետագայում դրանք հանձնվել են Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։

Արմենակ Անոպյանը կյանքից հեռացել է 1976 թվականին։

Հիմա եթերում