Սիմֆերոպոլում կկառուցվի հայկական եկեղեցի

23 Նոյեմբերի 2023, 19:30

Մշակույթ

Սիմֆերոպոլում հայկական եկեղեցի կկառուցվի: Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական համայնքի կայքը:

Նշվում է, որ Ղրիմի հայկական համայնքի ղեկավար Գեորգի Հակոբյանն օրերս հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել արդիական հարցերի շուրջ, քննարկվել են Ղրիմի հայկական եկեղեցիների վիճակը, Սիմֆերոպոլում հայկական եկեղեցու առաջիկա կառուցումն ու հետագա համագործակցությունը:

Հակոբյանը Եզրաս արքեպիսկոպոսին հանձնել է հիշարժան նվեր՝ ռուս հայտնի նկարիչ Սերգեյ Լոբանովի (1887-1942) «Էսկի-Ղրիմ. Սուրբ Խաչ հայկական վանք» նկարը:

1926 թվականին ստեղծված ստեղծագործությունն ունի գեղարվեստական և կոլեկցիոն արժեք։ Կտավը ձեռք է բերել Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Ներսես քահանա Խանանյանը՝ նկարիչ Սամվել Ասատրյանի երաշխավորությամբ, քաղաքի «Արտ-բուլվար» պատկերասրահում: