Սիմոն Աբգարյան․ Ֆրանսիական կինոյի և թատրոնի հայազգի դերասանը
05 Ապրիլի 2025, 23:04

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսորՍիմոն Աբգարյանի նախնիները Կարինից էին։ Սիմոնը ծնվել է Ֆրանսիայում՝ Հռիփսիմե և Դիկրան(Տիգրան) Աբգարյանների ընտանիքում։ 8 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Լիբանան, որտեղ ընդունվել է հայ կաթոլիկ դպրոց, սովորել ֆրանսերեն և հայերեն: Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո ճակատագիրը նրան տարել է ԱՄՆ, որտեղ Լոս Անջելեսում դարձել է հայկական թատրոնի մի մասը՝ Ջերալդ Պարազյանի ղեկավարությամբ։
1985 թվականին Աբգարյանը վերադարձել է Ֆրանսիա և դարձել հայտնի «du Soleil» (Դյու Սոլեյ) թատրոնի անդամ՝ Արիանա Մնուշկինայի ղեկավարությամբ։ Այս թատրոնում նա բացահայտել է իր տաղանդը՝ փայլելով դասական բեմադրություններում, ինչպես նաև արժանացել է քննադատների և հանդիսատեսի գնահատանքին:
1999 թվականին ռեժիսոր Իրինա Բրուքը բեմադրել է Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսը, որը պատմում է Թուրքիայում բոլոր հարազատներին կորցրած հայ երիտասարդների մասին: Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել և բազմիցս ներկայացվել մի շարք բեմերում: 2001 թվականի մայիսին «Մոլիեր» թատերական 15-րդ մրցանակաբաշխության ժամանակ պիեսն արժանացել է հինգ մրցանակի, իսկ Սիմոն Աբգարյանն իր դերի համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» կոչմանը:
Բացի դերասանական գործունեությունից, Աբգարյանը զբաղվել է նաև թատերական ռեժիսուրայով՝ բեմադրելով վեց պիես, որոնցից երեքը գրել է ինքը։ Նրա թատերական գործերը դարձել են իսկական գլուխգործոցներ՝ հիացմունք առաջացնելով դրամատիկական արվեստի երկրպագուների շրջանում։
1989 թվականից Սիմոն Աբգարյանն ակտիվորեն նկարահանվում է կինոյում, իսկ նրան համաշխարհային ճանաչում են բերել Ռոբերտ Քեշիշյանի «Արամ», Ատոմ Էգոյանի «Արարատ», Ֆաթիհ Աքընի «Սպի», Էրիկ Բարբյեի «Օձը» և Մարտին Քեմփբելի «Կազինո «Ռոյալ» ֆիլմերը: Անմոռանալի էր նաև նրա՝ Միսաք Մանուշյանի դերը Ռոբեր Կետիկյանի «Հանցագործների բանակը» ֆիլմում։ Նրա ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 70 դեր։