Սինգապուրում ունենք մեծ ժառանգություն՝ հայկական եկեղեցի, որտեղ ամուսնանում են նաև այլազգիները. Ումեդյան
Alpha News-ն այսօր զրուցել է ջութակահար, խճանկարիչ Անի Ումեդյանի հետ, ով պատմել է Սինգապուրի հայ համայնքի, մշակույթի և այնտեղ ապրող հայերի ներդրած ավանդի մասին:
«Յուրաքանչյուր հայ, ով առաջին անգամ գալիս է Սինգապուր, գնում է Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: Այն կառուցվել է 1835 թ-ին, օծվել՝ 1836թ-ին։ Երբ նոր էինք եկել, ամիսներ շարունակ ոչ մի հայի չէի կարողանում գտնել, բայց մի օր շատ պատահական ծանոթացա հայերի հետ, և արդեն 16 տարի է՝ կոորդինացնում եմ մեր հայ համայնքը: Հայկական եկեղեցու կոմիտեն շատ փոքր է, մի քանի հոգով ենք և բոլորս կամավորներ: Մենք ամեն բան անում ենք մեծ սիրով, ու միշտ ասում եմ՝ մեր նախնիները թողել են մեզ այս մեծ ժառանգությունը՝ հայկական եկեղեցին, և մենք պետք է այն պահպանենք: Գրեթե ամեն շաբաթ-կիրակի եկեղեցում տեղի են ունենում պսակադրություններ ոչ միայն հայերի, այլև այլազգիների»,- նշել է Ումեդյանը:
Խոսելով գործող հուշ-այգու մասին՝ նա ընդգծել է, որ Սինգապուրում հայկական գերեզմանատուն չկա, բայց կա քրիստոնյաների գերեզմանատուն:
«Ունենք հուշ-այգի, որտեղ հայերի դամբարանաքարերն են պահպանված: Խոսքը հայ ժողովրդի առաջին սերունդների մասին է: Պետք է ընդգծեմ, որ դա գերեզմանատուն չէ, այստեղ հայկական գերեզմանատուն չկա, բայց փոխարենը կա քրիստոնայների գերեզմանատուն:
Մի քանի մեծ հայեր ունենք, որոնք մեծ ներդրում են ունեցել Սինգապուրի պատմության, կերտման մեջ: Մենք միշտ հպարտանում ենք նրանցով։ Այստեղ իր մեծ ավանդն է թողել Խաչիկ Մովսիսյանը, ով Սինգապուրում ավելի հայտնի է Խաչիկ Մովսես անունով: Նա հիմնել է Սինգապուրի ամենօրյա թերթը, որը նորությունների ամենամեծ ու հիմնական աղբյուրն է: Այն մոտ 135 տարեկան է, և կարող ենք հպարտությամբ նշել, որ հիմնադիրներից մեկը մեր հայրենակիցն է: Թերթն ամեն օր հրատարակվում է, գործում է նաև կայքը»,- եզրափակել է Ումեդյանը:
Հայկական Սինգապուրի մասին Alpha News-ի «Մեծ ռեպորտաժը» կարող եք դիտել այստեղ: