Սիրիայում իրավիճակը կայունանում է. Գևորգ Հակոբջյան
13 Դեկտեմբերի 2024, 22:35
Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողնում նաև սիրիահայության վրա: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է միջազգային իրավունքի դոկտոր Գևորգ Հակոբջյանը:
«Վերջին օրերին Սիրիան, սիրիահայությունը մեր ուշադրության կենտրոնում են՝ հասկանալի պատճառներով, որովհետև և՛ Սիրիան, և՛ սիրիահայությունը պատմական օրեր են ապրում և գտնվում են անցումային՝ անցնելով խուճապի, անորոշության ու հիմնականում տագնապի միջով: Սիրիահայությունը, որպես Սիրիայի բազմակրոն, բազմամշակույթ հասարակության մեկ բաղադրիչ, անմասն չէ տեղի ունեցող զարգացումներին, ուստի տեղի ունեցող իրադարձություններն անմիջական ազդեցություն են ունենում նաև նրանց վրա»,- ասել է մեր զրուցակիցը:
Գևորգ Հակոբջյանի խոսքով՝ իրավիճակը Սիրիայում կայունանում է:
«Անվտանգային առումով Սիրիայում իրավիճակը կարծես դեպի կայունություն է գնում, իսկ կենցաղային, տնտեսական տագնապները բազմապատկվում են: Ոչ մի երաշխիք չկա, որ այս ամենը մնայուն ու կայուն բնույթ կարող է կրել»,- կարծում է Գևորգ Հակոբջյանը:
Ըստ նրա՝ մարդկանց արգելում են երեկոյան տներից դուրս գալ, պարետային ժամ է հայտարարվում:
«Կարծում եմ՝ անորոշությունը շատ ավելի մեծ է: Երեկոյան ժամը 5-ից մինչև առավոտյան ժամը 5-ը պարետային ժամ է հայտարարվում, մարդիկ պետք է մնան իրենց տներում: Տնտեսությունը շատ ցավալի վիճակում է, շուկաները փակ են, մարդիկ չեն աշխատում, դպրոցները փակ են, սակայն այսօր հայտարարեցին, որ երկուշաբթի առավոտյան կվերաբացվեն հայկական վարժարանները»,- եզրափակել է Գևորգ Հակոբջյանը: