Իսրայելը դժվար վերադարձնի Սիրիայում գրավվածը. Բենիամին Պողոսյան
11 Դեկտեմբերի 2024, 21:30
Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, համապատասխանում է Իսրայելի շահերին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «APRI Armenia» հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։
«Ակնհայտ է, որ Թուրքիան զգալի ներգրավվածություն ուներ սիրիական պատերազմում՝ սկսած 2011-ից։ Այն ուժերը, որոնք 2024-ի նոյեմբերի 27-ից սկսեցին այս ռազմական գործողությունը, դեկտեմբերի 8-ի առավոտյան արդեն հայտնվեցին Դամասկոսում՝ ունենալով միանշանակ Թուրքիայի աջակցությունը։ Պարզ է, որ վերջին 4-5 տարիներին Սիրիայում կարծես թե քաղաքացիական պատերազմը սառեցվել էր, բայց թուրքական ազդեցությամբ տեղի է ունեցել զինյալների վերապատրաստում, վերազինում ու այդ գործողությունները նպաստել են նրանց մարտունակության բարձրացմանը։
Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, համապատասխանում է Իսրայելի շահերին, վերջին հաշվով՝ Սիրիան արաբական հիմնական պետություններից էր, որ մի քանի անգամ հանդես է եկել Իսրայելի դեմ»,- ասել է մեր զրուցակիցը։
Պողոսյանի խոսքով՝ իսրայելական ուժերն, օգտվելով Սիրիայում ստեղծված կառավարական ճգնաժամից ու քաոսից, մուտք են գործել Սիրիայի տարածք։
«Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես իսրայելական ուժերը, օգտվելով Սիրիայում ստեղծված կառավարական ճգնաժամից ու քաոսից, մուտք են գործել Սիրիայի տարածք ու ըստ տարբեր տեղեկությունների՝ իսրայելական տանկերը Դամասկոսից ընդամենը 20 կմ հեռավորության վրա են։ Ամենայն հավանականությամբ, այն նոր տարածքները, որոնք Իսրայելը գրավել է Սիրիայի տարածքում, դժվար թե մոտ ապագայում հետ տա, մանավանդ հասկանալի չէ, թե ով է հետ պահանջելու։
Ենթադրաբար, կարելի է ասել, որ Սիրիան առնվազն որոշ ժամանակ կլինի քաոսային իրավիճակում և տարբեր խմբավորումներ կսկսեն միասին պայքարել, խոսքը ոչ միայն պրոթուրքական ուժերի, ռազմական գործողությունների մասին է Սիրիայում գործող քրդական ուժերի դեմ,այլև նույն խմբավորումների մեջ կարող են տարաձայնություններ առաջանալ, որովհետև նրանց միավորող գաղափարն է՝ տապալել Ասադին ու իշխանության գալ»,- եզրափակել է Բենիամին Պողոսյանը։