Սիրիայում վերաբացվել են հայկական դպրոցները. Զարմիկ Պողիկյան

17 Դեկտեմբերի 2024, 21:30

Քաղաքականություն

Հալեպում վիճակն ավելի հանգիստ է, սննդի և ջրի խնդիր այլևս չկա: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

«Վերջին մի քանի օրերին Հալեպում և ընդհանրապես Սիրիայում վիճակն ավելի հանգիստ է: Մարդիկ սկսել են աշխատանքի գնալ, երեկվանից բացվել են նաև հայկական դպրոցները, և աշակերտները սովորականի նման գնում են դպրոց: Սննդի, հացի հետ կաված անհանգստություններն անցել են, մեկ շաբաթ էր՝ ջրի խնդիր կար, քանի որ բախումների ընթացքում վնասվել էր ջրամբարը, բայց այն ևս նորոգվել է, և այսօրվանից Հալեպում կրկին ջուր կա: Կարծում եմ՝ մինչ երեկո Հալեպի բոլոր շրջաններում ջուր կլինի: Եկեղեցին ևս սկսել է գործել, կիրակի օրը եկեղեցական արարողությունները բնականոն ձևով են ընթացել:

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքները Սիրիայում և նախապես տրամադրված թեժ գիծը շարունակում է գործել: Իսկ այն մարդիկ, որոնք անձնագրային խնդիրներ ունեն, կարող են կրկին դիմել»,- նշել է Պողիկյանը:

Նա միաժամանակ ասել է․ որ պետք է զգոն լինել և սպասել, մինչ նոր Կառավարություն ընտրվի:

«Այս պահին սպասողական վիճակում ենք, անցումային կառավարությունը սկսել է գործել, պաշտոնյաներին հորդորում են վերադառնալ իրենց աշխատանքին, որ պետական կառույցները կարողանան աշխատել: Պետք է սպասենք, մինչև նոր Կառավարություն ընտրվի, Սահմանադրությունը փոխվի: Բայց պետք է նաև զգոն լինել, քանի որ իսրայելյան ինքնաթիռներ են երկնքում պտտվում, մարդիկ վախենում են և չգիտեն, թե ով թիրախ կդառնա»,- եզրափակել է Պողիկյանը: