Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը Թբիլիսիում
Սուրբ Սարգսի նախատոնակին Թբիլիսիում տեղի է ունեցել ուխտագնացություն դեպի Խարփուխի «Սուրբ Սարգիս» մատուռ։
Թբիլիսիում 2010 թվականից ի վեր Հայ Առաքելական եկեղեցին ձևավորել է հետաքրքիր ավանդույթ, ըստ որի՝ հոգևորականներով ուղեկցվող թափորը Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվում է դեպի Խարփուխի Սուրբ Սարգիս մատուռ: Այնտեղ կատարվում է աղոթք և մոմավառություն, որից հետո թափորը շարժվում է դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Սուրբ Սարգսի տոնն ուղեկցվում է ոչ միայն եկեղեցական ծեսերով, այլ նաև ժողովրդական ավանդույթներով:
Չշեղվելով արդեն ավանդույթ դարձած կարգից՝ ուխտավորների թափորը սկիզբ առավ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից, այնուհետև շարժվեց դեպի Սուրբ Սարգիս հինավուրց մատուռ: Մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորն առաջնորդվեց դեպի Մեյդանի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:
Ինչպես հայտնում է jnews.ge-ն, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Սուրբ Սարգսի նախատոնակ, երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում: