Սիրո խոստովանությունները լավ են, բայց ես նախընտրում եմ սիրո ապացույցներ. Ֆրանսուա Ռոշբլուանը՝ Արցախին սատարելու մասին

21 Հունիսի 2023, 16:35

Քաղաքականություն

«Իհարկե Ֆրանսիացի հանրությունը հայերի կողքին է, բայց դա բավարար չէ, քանի որ ինչպես միշտ ասել եմ, հիմա էլ կասեմ՝ սիրո խոստովանությունները լավ են, բայց ես նախընտրում եմ սիրո ապացույցներ. հարկավոր է, որ Ֆրանսիան իրապես կանգնի արցախահայերի կողքին, որ նրանք կարողանան ապրել խաղաղությամբ, ազատ իրենց հողում», — Alpha News-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Լուար շրջանի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը, որը 30 տարի է՝ եվրոպական բարձր ամբիոններում Արցախյան հիմնահարցի պաշտպանողներից է:

Ռոշբլուանը անընդունելի է համարում, որ Ադրբեջանը 2020-ի եռակողմ համաձայնագրի կետերը չի պահպանում: Նրա համոզմամբ՝ Եվրամիությունը պետք է նույն կեցվածքն ունենա Ադրբեջանի հանդեպ, ինչը դրևսորեց Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում կատարվող դեպքերի պատճառով և պատժամիջոցներ կիրառեց:

«Մեծ ցավ եմ ապրում տեսնելով, թե ինչ է կատարվում Արցախում: Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ նույն ջանքերը պիտի գործադրի և դեռ մի բան էլ ավելին, բայց մենք տեսնում ենք, որ ոչինչ չի անում, ըստ էության, Ադրբեջանից նավթ ձեռք բերելու պայմանագրերի պատճառով: Նախկինում շատ եմ ասել, որ Ադրբեջանն, ասես, տեռորիստական պետություն լինի, բայց հիմա դա բաց և ուղիղ եմ ասում՝ Ադրբեջանը տեռորիստակա՛ն պետություն է: Այն, ինչ անում է Արցախի հանդեպ դա ոչ այլ ինչ է, քան ահաբեկություն»,- շեշտել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախկին ղեկավարը:

ԵԽԽՎ-ում Ֆրանսիական պատվիրակության նախկին ղեկավարն անդրադարձել է նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը Եվրոպական խորհրդարանում առ այն, որ Հայաստանի վաչապետն Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչել և հույս հայտնել, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ մեսիջը և ավելի մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներին ու անվտանգային հարցերին։

«Պիտի ասեմ, որ ինձ վհատեցրել են Հայաստանի ղեկավարի այդ խոսքերը. հուսամ՝ դա ստորագրությամբ չի ամրագրվի: Այսօր Ղարաբաղն անկախ է, Արցախն իր անկախության մասին հայտարարել է դեռևս 1992-ի սեպտեմբերի 2-ին, և այսքան տարի հետո ասել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է՝ կնշանակի լքել Արցախը, դա իր հերթին կլինի նոր ցեղասպանություն: Արցախի ժողովուրդը պիտի ապրի իր պապենական հողում ազատ և անկախ իր ինքնիշխան տարածքում: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում արցախցիներին», — ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Հիշեցնենք՝ Ֆրանսուա Ռոշբլուանը մեծ ներդրում ունի Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Նա իր քաղաքական կարիերայի վերջին 30 տարիներին ակտիվորեն սատարում է Հայ Դատի հարցը, ինչպես նաև պաշտպանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը: Ռոշբլուանը նաև եղել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ:

Հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև միջազգային քաղաքական բարձր հարթակներում իր հայանպաստ գործունեության համար 2018-ին նրան շնորհվել է ՀՀ անձնագիր: 2008 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո հայ ժողովրդին մեծ աջակցություն ցուցաբերելու համար: 2010 թվականին Ադրբեջանը ֆրանսիացի քաղաքական գործչին ներառել է իր հայտնի «Սև ցուցակում»: