Սկանդինավիայի հայերը շատ վրդովված են այն ամենով, ինչ այսօր կատարվում է Հայաստանում. Անահիտ Ավագյան
01 Հուլիսի 2025, 13:15
Սկանդինավիայի հայերի միության ներկայացուցիչ Անահիտ Ավագյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի իշխանությունների՝ եկեղեցու դեմ հարձակումներին:
«Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց Հայ Առաքելական եկեղեցու դեմ կեղտոտ արշավը, մենք միության կողմից դատապարտող հայտարարություն տարածեցինք և կոչ արեցինք բոլոր ազգային ուժերին համախմբվել եկեղեցու շուրջ և աջակցել: Դրան հետևեցին ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի կալանավորումը, և այս ամենից ևս չէինք կարող անմասն մնալ և արդեն նոր դատապարտող հայտարարություն տարածեցինք»,- նշել է Ավագյանը:
Նրա խոսքով՝ դանիական մեդիան հետաքրքրված էր եկեղեցու թեմայով միայն նրա համար, որ կար Սամվել Կարապետյանի հանգամանքը:
«Տեղի հայ համայնքը շատ վրդովված է այն ամենով, ինչ այսօր կատարվում է Հայաստանում: Եվ կարծում եմ՝ իրեն հայ համարող յուրաքանչյուր մարդ շատ նվաստացած ու բարկացած է իրեն զգում՝ տեսնելով այդ ամենը: Նույնիսկ տեղի մարդիկ չեն կարողանում իշխանության քայլերը հասկանալ, նշում են՝ եթե քաղաքական որևէ մարմին այսպիսի կեղտոտ ձևով և բռնաճնշումներով ընկել է եկեղեցու հետևից, ուրեմն իրեն մրցակից է համարում:
Ինչ վերաբերում է մեդիային, պետք է նշեմ, որ Դանիան շատ չի մեկնաբանում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները: Սակայն վերջերս տեսանք, որ հոդված էին հրապարակել, որտեղ խոսվում էր Սրբազանի և նրա աջակիցների կողմից այսպես ասած «հեղաշրջման» մասին: Կարծում եմ՝ դանիական մեդիան հետաքրքրված էր այս թեմայով միայն նրա համար, քանի որ կար Սամվել Կարապետյանի հանգամանքը»,- եզրափակել է հայերի միության ներկայացուցիչը: