Սկսում ենք զանգվածային հացադուլ. Բողոքի ակցիա՝ Փաշինյանի հեռացման պահանջով
21 Սեպտեմբերի 2023, 14:35
ՀՀ իշխանությունների` Արցախի հարցում վարած քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել Ազգային ժողովի շենքի դիմաց։
Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ անհրաժեշտ է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, քանի որ ներկայիս ղեկավարությունը լվացել է ձեռքերը Արցախից և ունակ չէ երաշխավորելու Արցախի ու Հայաստանի բնակչության անվտանգությունը։
«Մեր երկիրը և ողջ հայությունը ճգնաժամի մեջ է: Այս իրավիճակը վերացնելու համար պետք է իշխանափոխություն։ Մենք կոնկրետ ծրագիր կներկայացնենք և կփորձենք այն իրականացնել»,- հայտարարել են նրանք։
Ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել է, որ երթով քայլելու են դեպի Գարեգին Նժդեհի արձանի մոտ և սկսելու են զանգվածային հացադուլ։
«Սրա նպատակը ոչ թե իշխանություններից ինչ-որ բան պահանջելն է, այլ պահանջն այն է, որ Վեհափառը, բոլոր մտավորականներն ու հոգևորականները գան և այնտեղ է իրականում լուծումը լինելու է: Այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում բոլորս դատապարտված ենք։ Նման նախադեպը եղել է նաև 90-ականներին»,-ասել է նա։