Սկսվել են պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանի նոր ֆիլմի նկարահանումները
23 Օգոստոսի 2024, 15:30
«MIRFILM» և «Central Partnership» կինոընկերությունները սկսել են «Գուանտանամերա» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի պատմության կենտրոնում հայտնի էքստրիմ-բլոգերն է, ով ժամանել է Կուբա և հայտնվել տարիներ առաջ անհետացած փաստաթղթի խորհրդավոր պատմության մեջ, ըստ որի՝ Ամերիկան պետք է Կուբային վերադարձներ Գուանտանամոյի բազան:
Փաստաթուղթը վաղուց են փնտրում և՛ հատուկ ծառայությունները, և՛ լուրջ գործարարը։ Սակայն այն մասին, թե որտեղ է գտնվում այդ փաստաթուղթը, գիտի միայն հերոսի պապը՝ նախկին հետախույզ Լև Վորոնովը, որի հետ նա չի շփվում։ Ֆիլմը նաև կպատմի Վորոնովի արկածների մասին մինչ 1958 թվականի Կուբայի հեղափոխությունը։
Ֆիլմի պրոդյուսերն է Ռաֆայել Մինասբեկյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են ինչպես ռուս, այնպես էլ լատինաամերիկյան աստղեր՝ Սերգեյ Շակուրովը, Ալեքսանդրա Տուլինովան, Իլյա Շլյագան, Դարիանիս Պալենզուելան, Էսլինդա Նունյեսը, Էդուարդո Մարտինեսը և Կառլոս Էնրիկե Ալմիրանտեն:
Այժմ ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Մոսկվայում, իսկ ավելի ուշ նախագծի թիմը կմեկնի Կուբա, որտեղ, ըստ սյուժեի, կզարգանան պատմության հիմնական իրադարձությունները: Սպասվում է, որ ֆիլմը վարձույթում կհայտնվի 2025 թվականի աշնանը։