Դա այնպիսի ֆիլմ է, որի ժամանակ և՛ ծիծաղում ես, և՛ լացում․ Սոչիում կայացել է Տիգրան Քեոսայանի ֆիլմի պրեմիերան

13 Հունիսի 2025, 15:48

Մշակույթ

Սոչիում «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնի շրջանակներում կայացել է հայազգի հայտնի կինոռեժիսոր, կինոյի և հեռուստատեսության դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնովիչի յոթ օրը» ֆիլմի գալա պրեմիերան։ Ամառային թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր. Քեոսայանի աշխատանքին աջակցելու էին եկել ոչ միայն գործընկերներն, այլև Սոչիի բնակիչներն ու հանգստացողները։

«Նա տաղանդավոր մարդ է: Շատ եմ ուզում դիտել: Ե՛վ Մարգարիտա Սիմոնյանը, և՛ սցենարի հեղինակները տաղանդավոր մարդիկ են: Չէի ցանկանա բաց թողնել: Այն, ինչ չես դիտի կինոթատրոնում, կդիտես այստեղ՝ Եվրասիայի փառատոնում, ինչը նվեր է»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Լարիսա Լուժինան:

«Կարծում եմ՝ մեր ուշադրությամբ և ֆիլմի նկատմամբ հետաքրքրությամբ ինչ-որ կերպ աջակցում ենք նրան (Տիգրան Քեոսայանին — խմբ.): Մեր սերն ու հուզմունքը փոխանցվում է: Հուսով եմ՝ դա նրան ուժ կտա»,-Alpha News-ին ասել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Նատալյա Արինբասարովան:

Ֆիլմի սցենարը հիմնված է ռեժիսորի կնոջ՝ լրագրող և մեդիամենեջեր, RT պետական հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Բելամուր» պատմվածքի հիման վրա։ Ցուցադրությունն սկսվել է Քեոսայանի կնոջ ներածական խոսքով։ Մարգարիտա Սիմոնյանը ֆիլմն անվանում է Տիգրանի «եզրային» ֆիլմը:

«Ես դիտմամբ եմ «եզրային» ասում: Բոլոր նրանք, ովքեր ծառայել են ռազմաճակատում, երբեք չեն ասում «վերջին», ասում են՝ «եզրային», որովհետև վերջինը նշանակում է, որ այլևս ոչինչ չի լինելու, և մենք, իհարկե, ապրում ենք հույսով, որ Տիգրանը կարթնանա և ավելի հրաշալի ֆիլմեր կնկարահանի: Այս ֆիլմի վրա նա աշխատել է անցած ամբողջ տարին, նա է նկարահանել և մոնտաժել, իսկ մինչ այդ գրել է սցենարը: Մենք այս աշխատանքի ընթացքում քիչ էր մնում բաժանվեինք, քանի որ սցենարը հիմնված է իմ պատմության վրա, և ես հաճախ չէի համաձայնվում, թե ինչպես էր նա փոխակերպում այն: Արդյունքում, նա ճիշտ էր, ինչպես միշտ:

Ֆիլմը ստացվեց անհամեմատ ավելի խորը, ուրախ, և, միևնույն ժամանակ, տխուր, քան իմ պատմությունը: Երբ մենք աշխատում էինք այդ ֆիլմի վրա, մենք շատ էինք ծիծաղում և շատ անգամ՝ լացում: Կարծում եմ՝ հիմա էլ կտեսնենք, որ դա այնպիսի ֆիլմ է, որի ժամանակ և՛ ծիծաղում ես, և՛ լացում: Այս ֆիլմը մարդու մասին է, մեր և մեծահասակների կյանքի մասին է։ Ֆյոդոր Դոբրոնրավովը ցնցող դեր է կատարել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Եվ, իհարկե, իմ ամուսինը` Տիգրանը, ֆանտաստիկ գործ է արել, կփոխանցեմ նրան, որ եկել եք, դիտել եք ֆիլմը»,-ասել է Սիմոնյանը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կրասնոդարի երկրամասում: Գլխավոր դերակատարը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆյոդոր Դոբրոնրավովն է։ Ֆիլմը բաժանված է գլուխների՝ ըստ գլխավոր հերոսի կյանքի տասնամյակների, սկսած 60-ականներից։ Այն ներառում է տարբեր դարաշրջանների հարավային գույներով։

Տիգրան Քեոսայանը ֆիլմը նվիրել է իր եղբորը՝ Դավիթ Քեոսայանին։