Սոցիալական հարթակները «էժանացրել» են Գյումրիում քարոզչությունը. Արտակ Ավետիսյան
10 Մարտի 2025, 21:30
Մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է անկախ փորձագետ Արտակ Ավետիսյանի հետ։
«Գյումրիի ընտրությունների վերաբերյալ աժիոտաժն ավելի շատ սոցիալական ցանցերում և Երևանում են, և դրանց արձագանքողները մեծամասամբ գյումրեցիներ չեն։ Իրականում Գյումրիում թե՛ տեղական, թե՛ համապետական ընտրությունները միշտ ուղեկցվել են աղմուկով և հարուստ են մի շարք միջադեպերով։ Եթե 10 տարի առաջ պայմանականորեն էլեկտրոնային 100 լրատվամիջոց կար, այս պահին դրանց թիվը 10 անգամ ավելի է, և յուրաքանչյուրն իր պարտքն է համարում արձագանքել թեմային։ Այն բավականին շատ լայքեր է հավաքում, և բոլորը ցանկանում են ինչ-որ կերպ անդրադառնալ։ Ուստի տպավորություն է, թե մեծ աժիոտաժ կա։ Իրականում այնպիսին է, ինչպիսին նախորդ դեպքերում»,- նշել է Ավետիսյանը։
Փորձագետի խոսքով՝ բոլորը փորձում են ընտրություններին հնարավորինս քիչ ռեսուրսներ վատնելով մասնակցել, և փորձում են հասկանալ՝ ֆինանսական նվազագույն ծախսերի դեպքում ինչ արդյունք կարձանագրվի։
«Ընտրություններին առաջադրվել են 9 կուսակցություններ ու դաշինքներ, և կարծում եմ բոլորն էլ կմասնակցեն, կընդգրկվեն համապատասխան ցուցակում։ Այս պահին ստանդարտ իրավիճակ է, մոտեցումները նույնն են, նույնիսկ քարոզչական, տեխնոլոգիական առումով կարծում էի՝ որևէ նորաբանություն կլինի նախորդներից տարբերվելու համար, բայց նման բան դեռ չեմ նկատել։ Բոլորը փորձում են հնարավորինս քիչ ռեսուրսներ վատնելով մասնակցել, և փորձում են հասկանալ՝ ֆինանսական նվազագույն ծախսերի դեպքում ինչ արդյունք կարձանագրվի։ Ստանդարտ քարոզչություն է, և այս մասով էլ սոցիալական հարթակները «էժանացրել» են քարոզչությունը։ Եթե նախկինում հեռուստատեսությունն էր քարոզչության հիմնական հարթակը, բավականին ծախսատար ու ռեսուրսներ պահանջող, ապա հիմա միացնում ես սմարթֆոնդ, մտնում ես ուղիղ եթեր ու ասում ինչ ուզում ես»,- եզրափակել է Ավետիսյանը։