Սոպրանո Քրիստինա Մխիթարյանը ելույթ է ունեցել «Մետրոպոլիտեն» օպերայում

15 Մարտի 2025, 16:30

Մշակույթ

Հայազգի օպերային երգչուհի, սոպրանո, «Casta Diva» մրցանակի դափնեկիր Քրիստինա Մխիթարյանը մարտի 5-ին ելույթ է ունեցել Նյու Յորքի հռչակավոր «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում։

Նա հանդես է եկել Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում՝ Միմիի դերերգով։

Քրիստինա Մխիթարյանը ծնվել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքում։ Ավարտել է Գալինա Վիշնևսկայայի թատրոնի ստուդիան (Մոսկվա), այնուհետև սովորել է Գնեսինների անվ. երաժշտական քոլեջում և ակադեմիայում՝ պրոֆ. Ռուզան Լիսիցյանի ղեկավարությամբ:

2017-ին Քրիստինան արժանացել է Operalia մրցույթի 2-րդ մրցանակին: Նրա միջազգային մրցանակների թվում են՝ Օբուխովայի անվ.մրցույթի 2-րդ մրցանակը, Hans Gabor Belvedere մրցույթի ֆինալիստ, Ֆրանցիսկո Վինյասի 49-րդ մրցույթի 3-րդ մրցանակ, Գլինկայի անվ. մրցույթի դիպլոմ, Bella Voce մրցույթի 1-ին մրցանակ, Նորվեգիայի թագուհի Սոնյայի անվ մրցույթի 1-ին մրցանակ, Neue Stimmen մրցույթի և Viotti մրցույթի 3-րդ մրցանակ:

Քրիստինա Մխիթարյանը համագործակցել է հայտնի դիրիժորներ Բերտրան դե Բիլլի, Քերի Լին-Վիլսոնի, Դոմինգո Հինդոյանի, Յուրի Բաշմետի, Ֆաբիո Բիոնդիի, Միխայիլ Գրանովսկու, Մաքսիմ Եմելյանիշևի, Յակուբ Հռուշայի և այլ դիրիժորների հետ: