Սոս համայնքի մանկապարտեզը շրջափակումից ի վեր՝ մեկ օր անգամ չի փակվել. արցախցիների պայքարը
05 Սեպտեմբերի 2023, 00:48
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս համայնքի պետական մանկապարտեզի աշխատակիցները, հաղթահարելով շրջափակման հետևանքով առաջացած դժվարին խնդիրները, շարունակում են իրենց աշխատանքը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Նախշուն Ստեփանյանն ասել է, որ առաջացած ճգնաժամը գնալով խորանում է:
«Երեխաներին սննդով ապահովելու համար օգոստոսի 10-ին ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից անվճար հիմունքներով ստացել ենք ձավարեղեն, մակարոնեղեն, ձեթ, շաքարավազ: Տեւական ժամանակ մանկապարտեզը գործում էր առանց մատակարարի, որովհետեւ, իրավիճակով պայմանավորված, մեր հիմնական մատակարարը հրաժարվել է շարունակել համագործակցությունը: Երկար փնտրտուքից հետո նոր մատակարար ենք գտել` շրջանի Գիշի համայնից, որ տրամադրում է բանջարեղեն, միրգ, միս, ձու: Հացն էլ ձեռք ենք բերում գյուղում գործող հացի փռից: Քանի որ տրանսպորտի խնդիր կա, ինքս ամեն օր այն փռից հասցնում եմ մանկապարտեզ, որպեսզի մեր սաները հանկարծ սոված չմնան»,-պատմել է տնօրենը:
Նրա խոսքով՝ համայնքի բնակիչներն էլ են օգնել. բանջարեղեն են տրամադրել, ինչը որոշ ժամանակ, զգացնել չի տվել սննդի պակասը:
«Այս ընթացքում ծնողներից ոմանք իրենց միջոցներով թխվածքաբլիթներ են պատրաստել երեխաների համար, ինչը ոգևորող է այս ծանր պայմաններում: Կաթնամթերք վաղուց չենք ընդգրկում ճաշացանկում: Գյուղի անասնապահներից ձեռք բերելու հնարավորություն ունենք, սակայն դրա համար համապատասխան թույլտվություն է անհրաժեշտ, դա էլ, վառելիքի խնդրով պայմանավորված, այս պահին հնարավոր չէ»,-իրազեկել է մեր զրուցակիցը:
Երեխաների ժամանցը կազմակերպվում է մանկապարտեզի շենքին կից խաղահրապարակում, որտեղ համապատասխան խաղասարքեր չկան: Հույս են փայփայում, որ մի օր կյանքի ճանապարհը կբացվի, ու խաղահրապարակը կհամալրվի նոր խաղասարքերով: