Սուդակում բացվել է լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը

15 Ապրիլի 2025, 17:16

Հայեր

Սուդակ քաղաքում բացվել է լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։

Հուշարձանի բացմանը մասնակցել է Սուրբ Խաչ վանքի վարդապետ Տարոն Ղուլիկյանը: Միջոցառումը սկսվել է Տարոն վարդապետի օրհնությամբ, ով իր խոսքում ներկաներին շնորհավորել է Սուդակի ազատագրման օրվա առթիվ, ինչպես նաև նշել հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին և հայ ժողովրդի ներդրումը ընդհանուր հաղթանակի գործում:

«Հարգանքի տուրք մատուցելով Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին՝ մեկ անգամ ևս հիշում ենք այդ ծանր պատերազմի բոլոր հերոսներին և մասնակիցներին, որն ավարտվեց խորհրդային հերոսական ժողովրդի հաղթանակով, որի հիշատակի առջև այսօր խոնարհվում ենք», — ասել է Տեր Տարոն վարդապետը:

Հուշարձանը տեղադրվել է հայ ճարտարապետ Մերուժան Պետրոսյանի նախագծով և բարերար Աշոտ Սարգսյանի միջոցներով:

Հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը Լենինի երկու և Կարմիր Դրոշի երեք շքանշանակիր է, պարգևատրվել է Օդեսայի և Լենինգրադի պաշտպանության համար մեդալներով։ Պատերազմի ընթացքում Նելսոն Ստեփանյանը իրականացրել է 259 մարտական թռիչք՝ խորտակել է թշնամու 18 ռազմանավ, ոչնչացրել 85 տանկ, 600 ավտոմեքենա, 140 զենիթային ու դաշտային հրանոթներ, 150 գնդացրային կետ, 40 երկաթուղային վագոն, 4 լաստանավ, 27 ինքնաթիռ: