Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Մեծ Հայրենականում և Արցախյան գոյամարտում նահատակվածների

09 Մայիսի 2023, 14:54

Հայեր

Այսօր` մայիսի 9-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ հիշատակ Մեծ Հայրենականում, Արցախյան ազատամարտում, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների: 

«Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝ այնուհետև մեկնարկել է խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

«Արցախպրես»-ի հետ զրույցում  ՀԱՍԵ Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը կարևորել է անցյալի վերարժևորումը, պարտությունից դասեր քաղելն ու հաղթանակներից ուժ ստանալը:

«Խաչերթն ուխտագնացություն էր նահատակների շիրիմներին,  որպեսզի ցույց տանք, որ նրանք ապրում են մեր սրտերում: Երբ դպրոցականները տանում էին Նրանց լուսանկարները, կարելի է ասել, որ խորհրդանշական կերպով հերոսներն էին քայլում և զգում էինք նրանց ներկայությունը։ Այսօրվա Եռատոնը մեզ գալիս է ցույց տալու, որ մենք ի վիճակի ենք նաև հաղթելու։ Շուշիի ազատագրման հաղթանակը և Պաշտպանության բանակի կազմավորումը ևս մեր հաղթանակն է:

Մերն է նաև  այս պարտությունը, ուստի միասին պետք է կարողանանք գտնել այն ուժի աղբյուրը, որի հիմքի վրա պետք է կերտենք ապագա հաղթանակները, իսկ այդ աղբյուրը կայանում է այս տղաների հավատարիմ մնալու մեջ։

Նրանք իրենց արյամբ ևս մեկ անգամ սրբացրեցին Արցախը և մեզ համար պարտականություն դրեցին՝ երբեք չհրաժարվելու Արցախից։ Նահատակների արյունը գծում է ապրողների կյանքի ճանապարհը։ Եթե մենք Աստծո կամքով ծնվել ենք Արցախում և կրում ենք արցախցու բարձր կոչումը, ուրեմն  ամեն մեկս ունենք առաքելություն՝ մեր կյանքն ապրելու Արցախի համար»,-ասել  է քահանան: