Պարտավո՛ր ենք նոր ընտանիքներ կազմել ու ապրեցնե՛լ Արցախը…

05 Սեպտեմբերի 2023, 23:17

Հայեր

Քոլատակը հայրական գյուղն է։ Սուրբ վանքը նրա պահապանն է մանկությունից։ Տարիներ առաջ, երբ դեռ ընտրյալ չուներ, որոշում էր կայացրել, որ իր պսակադրությունը պետք է տեղի ունենա Սուրբ Հակոբավանքում։ Արմանն է, ում որոշումն իրականություն դարձավ օրերս՝ Մարիամի հետ։

Նորապսակների սիրո պատմությունը մինչև Արցախյան 44-օրյա պատերազմն էր հյուսվել։ Ճոխ հարսանիքը Արմանի ու Մարիամի համար ցանկություն էր, բայց ոչ նպատակ։

«Կարևորը վանքում  օրհնություն ստանալն էր»,- artsakhtert-ի հետ զրույցում նշում է Արմանը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճոխությունից հրաժարվեցին, ընտանեկան ընթրիք կազմակերպվեց։

«Որոշումը հստակ էր: Շրջափակումը չէր կարող պսակադրության չեղարկման պատճառ հանդիսանալ»,- ասում են նորապսակները։

Շրջափակման հետևանքով առաջացած  վառելիքի բացակայության պատճառով Սուրբ Հակոբավանքում պսակադրություն կազմակերպելն այդքան էլ հեշտ չէր։ Դեպի վանք  տանող ամբողջ բարձունքն Արմանը՝ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնը, Մարիամին գրկած է բարձրացրել…

«Աննկարագրելի են զգացողությունները… ամենաապահով ու ամուր ձեռքերում էի ինձ զգում… ամենաերջանիկն էի»,-ասում է Մարիամը։

Պաշարված Արցախում ընտանեկան երջանկություն կառուցող զույգն  ապագան տեսնում է միայն հայրենիքում։

«Անտեսելով բոլոր խնդիրները` պարտավոր  ենք նոր ընտանիքներ կազմել ու ապրեցնել Արցախը»,-համոզված է Արմանը։