Սուրբ Նիկողայոս հայկական կաթոլիկ եկեղեցին. նվեր Հռոմի Պապից

21 Հուլիսի 2023, 14:50

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Իտալիայի մայրաքաղաքի Սան Նիկոլա դա Տոլենտինո փոքրիկ փողոցում՝ Բարբերինի հրապարակի մոտ, գտնվում է Սուրբ Նիկողայոս հայկական կաթոլիկ եկեղեցին: Այս մեծ և ընդարձակ շենքը կառուցվել է 1599 թվականին։

Եկեղեցին հայերին է անցել 19-րդ դարի վերջին, այն նվիրել է Հռոմի Պապ Լեո տասներեքերորդը։

Տաճարը դարձել Է Հռոմի հայ համայնքի կենտրոնը։ 1885թ. եկեղեցուն կից սկսել է գործել Արմենո վարժարանը, որտեղ մինչ օրս ընթանում են հայոց լեզվի, գրականության և մշակույթի դասընթացներ: Նաև այստեղ ամեն տարի վերապատրաստվում են մոտ քսան երիտասարդ վանականներ, որոնք պատրաստվում են քահանայի կոչում ստանալ։ Այս եկեղեցի են գալիս մարդիկ Սիրիայից, Լիբանանից և Իրաքից, այսինքն, այն երկրներից, որտեղ բնակվում է հայ կաթոլիկների մեծ մասը։

Եկեղեցին ինքնին ակնհայտորեն տարբերվում է դասական հայկական տաճարներից։ Դրսում կարելի է ինչ-որ նմանություն գտնել, բայց ներսում ամեն ինչ բոլորովին այլ տեսք ունի։ Այն, որ սա կաթոլիկ տաճար է, կարելի է անմիջապես կռահել լայն կամարներից, բարձր առաստաղներից և շքեղ դեկորից։