Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում կատարվել է Ոտնլվայի արարողություն

19 Ապրիլի 2025, 11:25

Մշակույթ

Ապրիլի 17-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ կատարվել է Ոտնլվայի արարողություն:

«Սուրբ Գիրքը հեզության ու խոնարհության բազում  օրինակներ և պատգամներ է փոխանցում մեզ: Խոնարհության մեծագույն օրինակը, սակայն, ցույց է տալիս Հիսուս՝ ասելով. «Սովորեք ինձանից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ», ապա երանի տալիս հեզերին՝ ասելով, որ նրանք երկիրը պիտի ժառանգեն:

Հիսուսի պատգամով դարեդար, չընդհատվող առաքելությամբ Հայ Եկեղեցին ամեն Ավագ Հինգշաբթի հավատացյալներին հիշեցնում է խոնարհության կարևորության մասին:
Արարողությունը, որը կոչվում է Ոտնլվա, կատարվում է սուրբգրային ընթերցումներով և շարականների երգեցողության ներքո: Թեպետ Եկեղեցու հայրերն իրենց քարոզներում մշտապես խոսում են սիրո մեծության մասին, սակայն հենց այս օրն է  ընթերցվում Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատը, որտեղ ասվում է, որ սերը երկնքի արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը»,- ասվում է Մոսկվայի հայկական եկեղեցու տարածած հաղորդագրության մեջ: